Այսօր տեղի ունեցավ «Կառուցապատողների հայկական ասոցացիա» ՀԿ-ի տարեկան ամփոփ ժողովը, որին ներկա էին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ ու մասնավոր սեկտորի շահագրգիռ ներկայացուցիչներ և ղեկավարներ: Ժողովի օրակարգում ասոցիացիայի նախորդ տարվա գործունեության ամփոփումն էր, քննարկվեցին կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները, կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու խնդիրները, առաջ քաշվեցին դրանց լուծման ուղիներ:
Տարեկան ամփոփ ժողովին ներկա էին նաև ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը , ռեկտոր Եղիազար Վարդանյանը, աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը, շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը: Իր ելույթում ռեկտորը, ողջունելով գործընկերներին, կարևորեց ասոցիացիայի գործունեությունը` ընդգծելով, որ ժողովը հիանալի առիթ է՝ քննարկելու կատարված աշխատանքները, ինչպես նաև ի մի բերելու համագործակցության տեսանելի արդյունքները: Այս համագործությունը ամրապնդվեց դեռևս 2021 թ. նոյեմբերի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի», Հայաստանի ճարտարապետների պալատի և Հայաստանի շինարարների միության միջև կնքված համաձայնության հուշագրով, որը քաղաքաշինության ոլորտի կարևորագույն իրողություններից մեկն էր և հնարավորություն տվեց միավորելու ոլորտի ներկայացուցիչ առանցքային հինգ գլխավոր գործընկեր-կառույցներին՝ կարևորելով համագործակցությունը քաղաքաշինության, կառուցապատման և այդ բնագավառում արդի պահանջներին համապատասխան կադրերի կրթությունը, ոլորտի մասնագետների համագործակցության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, հաշվի առնելով քաղաքաշինության՝ որպես երկրի տնտեսության զարգացման կարևոր ճյուղի կարևորությունը, ոլորտի շարունակական ու կայուն զարգացման անհրաժեշտությունը, առաջադրելով քաղաքաշինության արդյունավետության բարձրացման և գործունեությունը միջազգային չափանիշներին համապատասխան իրականացման նպատակներ:
Ռեկտորը ընդգծեց, որ համալսարանը պատրաստ է աջակցելու նոր ներդրողներին, արտադրողներին, որոնք գիտական հետազոտության սերտիֆիկացման համար նախատեսված հիմնավորումների կարիք ունեն, և համագործակցելու ոլորտի գործընկերների հետ: Համալսարանը իրականացնում է հետազոտություններ, պատրաստում է հիմնավորումներ` տեղական նոր շինարարական նյութերը կամ կառուցվածքները ոլորտի մեջ ներդնելու և կիրառելու համար: Պարոն Վարդանյանը նշեց,որ առաջիկայում կստեղծվի քաղաքաշինական բնագավառում ներդրումային ծրագրերի գեներացման հետազոտական կենտրոն, որը համալսարանի նոր նախաձեռնությունն է: ՃՇՀԱՀ-ն իր պրոֆեսորադասախոսական կազմով ու ուսանողներով ունի համապատասխան ներուժը, որ ուսումնասիրի ու հստակորեն գեներացնի ներդրումային ծրագրեր` առաջարկելով կառավարության գործընկերներին: Մյուս կարևոր հարցը, որին անդրադարձավ պարոն Վարդանյանը, «Կառուցապատողների հայկական ասոցացիայի» հետ քննարկվող ուսումնական պլանների վերանայումն է, քանի որ ոլորտում ներգրավված կառուցապատողները, շինարարները, ճարտարապետները մեծ մասամբ համալսարանի շրջանավարտներն են:
Ռեկտորի խոսքով համատեղ անելիքները շատ են, իրականացման ուղիները երբեմն այնքան էլ հեշտորեն չեն տրվում, բայց համատեղ ուժերով հնարավոր է ավելի մեծ արդյունքներ գրանցել կրթության, կառուցապատկման ու քաղաքաշինության ոլորտում՝ համեստ նպաստն ունենալով հայրենիքի բարգավաճման ու դիմագծի կերտման գործում: Ռեկտորը բոլորին արդյունավետ գործունեություն ու բեղմնավոր աշխատանք մաղթեց:
Ժողովի ընթացքում ներկայացվեցին նաև առաջիկա անելիքները, օրենսդիր ու գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ընթացիկ և հեռանկարային համագործակցության շրջանակում իրականացվելիք քայլերն ու նախագծերը, ոլորտի մարտահրավերներն ու դրանց համատեղ ջանքերով լուծման ուղիները: