(010) 303-300

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀ կառավարության նիստում հաստատվել են «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:

Նախարարի զեկուցմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին տեղի է ունեցել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցել է մեկ հավակնորդ՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մանուկ Գևորգի Բարսեղյանը:

Մրցույթն ընթացել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել է խորհրդի 20 անդամից 18-ը: Ռեկտորի ընտրությունը կայացել է մեկ փուլով, որի արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ Մանուկ Բարսեղյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր։

Ժաննա Անդրեասյանը իր խոսքում նշել է. «Մանուկ Բարսեղյանը շուրջ 1 տարի հաջողությամբ իրականացնում է ռեկտորի պարտականությունները և այս ընթացքում կարողացել է ապահովել բուհի բնականոն գործունեությունը: ՃՇՀԱՀ-ը մեր ամենադինամիկ զարգացող բուհերից է, որտեղ վերջին տարիներին ուսանողների թվի մեծ աճ է գրանցվել»:

Մանուկ Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է ղեկավարել ՀՀ լավագույն բուհերից մեկը, որը մշտապես գրանցել է բազմաթիվ հաջողություններ կրթության և գիտության ոլորտներում։ Նա հավաստիացրել է, որ իր փորձն ու գիտելիքը կծառայեցնի համալսարանի կրթության և գիտության զարգացման գործին: Պարոն Բարսեղյանը նաև տեղեկացրել է, որ վերջերս բուհը դարձել է Եվրոպական ճարտարապետության կրթության ասոցիացիայի լիիրավ անդամ՝ միջազգային հեղինակություն ունեցող բազմաթիվ համալսարանների շարքում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել Մանուկ Բարսեղյանին:

20.02.25