(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԱՆԱՅՔ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Շինարարի մասնագիտությունը ժամանակակից աշխարհում զարգացող մասնագիտություններից է: Կին շինարար լինելու, ոլորտում հաջողակ գործունեություն ծավալելու մասին խոսելու ենք Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Ղուլյանի հետ:

Տիկին Ղուլյան ինչքա՞ն ժամանակ է շինարարության ոլորտում եք:

Շինարարական օբյեկտների կազմակերպատեխնոլոգիական և նախահաշվային նախագծման ոլորտում աշխատում եմ ավելի քան երեսուն տարի, սակայն մինչ այդ էլ կապված եմ եղել ոլորտի հետ՝ սովորելով և աշխատելով շինարարական բուհում։

Ինչպե՞ս որոշեցիք դառնալ շինարար:

Հարցազրույցն ինձ համար խոստովանության  նման  մի բան է, ուստի անկեղծ կլինեմ։ Դպրոցն ավարտելու պահին մտածում էի բժշկի, լրագրողի և ճարտարապետի մասնագիտության մասին: Դպրոցը ավարտել էի ոսկե մեդալով և մեկ նախընտրած քննություն հանձնելու  հնարավորություն ունեի։ Ընտրեցի «մաթեմատիկա» առարկան և դիմեցի Շինարարության ֆակուլտետի  «Շինարարության էկոնոմիկա և կազմակերպում» մասնագիտությունը։ Մտածում էի, որ այդպես հնարավորինս մոտ կլինեմ ինչպես ճարտարապետությանը, այնպես էլ մաթեմատիկային։

Ընտրությանս համար չեմ զղջում, քանի որ խմբում հանդիպեցի իմ ապագա ամուսնուն։ Տարբեր պատճառներով նույն մասնագիտությունն ընտրեցին որդիներս, այնպես որ կարելի է ասել, որ դա ընտրություն չէր, այլ՝ ճակատագիր։      

Դժվարություններ եղե՞լ են, եթե այո, ապա ինչպիսի՞ դժվարություններ են եղել դրանք:

Միշտ ծանր եմ տարել նախագծում իմ կողմից թույլ տված որևէ սխալի առկայությունը, նունիսկ՝ չնչին։ Մտածում էի դրա մասին գիշեր-ցերեկ։ Աշխատել եմ բազմաթիվ մասնագետների հետ և կարող եմ հավաստիացնել, որ փորձառու և բազմավաստակ մասնագետները նույնպես ծանր էին տանում նման դեպքերը։

38 գիտական հոդված, որոնցից 6-ը` արտասահմանյան գիտական պարբերականներում: Ի՞նչն է Ձեր հաջողության գրավականը:

Չեմ համարում, որ դրանք  բարձր ցուցանիշներ են։ Նկատել եմ մի օրինաչափություն․ հոդվածներն ավելի շատ և բովանդակալից են եղել  նպատակային, խմբակային, գիտական աշխատանքների  իրականացման ժամանակ։

Տիկին Ղուլյան կպատմե՞ք ամենազվարճալի դեպքը, որ Ձեզ հետ պատահել է՝ որպես կին շինարար:

Այո իհարկե: Մի անգամ պետք է գնայի ապագա շինհրապարակ չափագրություն կատարելու։ Ինձ պետք է ուղեկցեր նախագծային կազմակերպությունից մի երիտասարդ, սակայն այնպես պատահեց,  որ զբաղված էր,  և ես գնացի միայնակ։

Դարպասը բաց էր, հսկող չկար։ Աշխատանքի կեսն արել էի, երբ նկատեցի շղթայով կապված մի գամփռի։ Անհանգստացա, բայց ինձ տրամադրեցի, որ վախենալու ոչինչ չկա։ Մի քանի վարկյան հետո նկատեցի, որ շղթան արձակված է ։ Գիտեի, որ վազել չի կարելի։ Շունչս պահած և շանը չնայելով՝ փոքր քայլերով մի կերպ հասա դարպասին: Ետ նայեցի՝ գամփռը փոշմանել էր և բարձր հաչալով վազում էր դեպի ինձ։ Ինչպես եմ փակել դարպասը և հասել մոտակա կանգառ՝ չեմ հիշում, բայց այդօրվանից այլևս երբեք  միայնակ անծանոթ տարածք չեմ գնացել։

Որպես ամենափորձառու կանանցից մեկն այս ոլորտում, ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ սերունդին, որոնք դեռ չեն կողմնորոշվել դառնալ շինարար թե՞ այլ մասնագետ:

Այս հարցն ինձ համար շատ ակտուալ է։ Ավագ թոռնիկս  տասնհինգ տարեկան է։ Հետաքրքրվում է միայն համակարգչային խաղերով և օտար լեզուներով, սակայն վերջերս  զարմացրեց ինձ՝ ասելով որ կարող է ընտրել շինարարի մասնագիտությունը։

Բացատրեցի․ որ դրա համար պետք է  մաթեմատիկայի և ֆիզիկայի լավ  իմացություն։ Պարզվեց, որ նա դիտում է նախագծման գործընթացը  որպես համակարգչային հետաքրքիր խաղ և անիմացիա։

Սիրելի՛ երիտասարդներ, շինարարական ճարտարագիտությունն  այսօր շատ պատասխանատու մասնագիտություն է, բայց և զվարճալի։ Համոզված եմ, որ  ձեր ծնողները շատ են բողոքել երկար համակարգչի մոտ նստելու համար, բայց  պարզվում է,  որ դուք  ընդունակ եք այսօր հետևել մի քանի թվային էկրանի  վրա ներկայացված տեղեկատվությանը:

 Ինչ մասնագիտություն էլ ընտրեք՝ աշխատեք սիրել այն, նվիրվել  ընտրած գործին։

22.05.23