(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԱՅԱՑԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՆՈՐԱՄԱ. ԲՆՈՒԹՅՈՒՆ, ՄԱՐԴԻԿ, ՄՇԱԿՈՒՅԹ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային  համալսարանի և Գյոթինգենի «Գեորգ-Աուգուստ» համալսարանի համագործակցության շրջանակում հրատարակված «Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան մշակույթի գծով կցորդ Յակոբ Զիգլերը, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչ Սիլվիա Շմիթը, Գյոթինգենի «Գեորգ-Աուգուստ» համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Զիգֆրիդ Զիգիզմունդը, ինչպես նաև ՃՇՀԱՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները:

Գիրքը տպագրվել է «Volkswagen» միջազգային հետազոտական հիմնադրամի աջակցությամբ՝ 2019 թ. մեկնարկած «Քարը հայկական ճարտարապետության մեջ» խորագրով ծրագրի շրջանակում, որը նվիրված էր քարե շինությունների և հայկական ժառանգության պահպանմանը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետազոտական աշխատանքներ, հայկական մշակութային ժառանգության մեջ բնական քարի քայքայումների ուսումնասիրություն, վնասի գնահատում: Հայաստանից ծրագրին մասնակցել են նաև  ԻԿՕՄՕՍ/Հայաստան ազգային կոմիտեն, Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման գործակալությունը, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, հնագիտության ինստիտուտը, Էրեբունի թանգարանը: Ծրագրի շրջանակում իրականացվել են ամառային դպրոցներ՝ առաջին երկուսը 2019թ. Հայաստանում, երրորդը 2020թ. հեռավար ձևաչափով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորեց ներկաներին և անձամբ հեղինակին հայագիտական այս կարևոր աշխատության համար, որը միավորել է ինչպես կրթության, այնպես էլ գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին:

«Հուսով ենք՝ վաստակաշատ գիտնականը կշարունակի հայ մշակույթի ուսումնասիրման և տարածման ուղղությամբ իր աշխատանքները, և մենք առաջիկայում ևս կունենանք առիթներ՝ մասնակցելու նոր ու հետաքրքիր աշխատությունների շնորհանդեսների: Հատկապես կարևորում եմ այն հանգամանքը, որ աշխատանքներն իրականացվում են հայաստանյան լավագույն բուհերից մեկի՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համագործակցությամբ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Ռեկտոր Եղիազար Վարդանյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց նախագծի իրականացմանը ներգրավված կողմերին այն բարձր մակարդակով կազմակերպելու համար:

«Նախագծի իրականացումը գնահատում ենք արդյունավետ հայկական պատմաճարտարապետական ժառանգության ուսումնասիրման, պահպանման ու հանրահռչակման գործում: Մանսավորապես՝ կազմակերպվել են համատեղ ամառային դպրոցներ, մեր համալսարանին փոխանցվել են  նորագույն հետազոտական սարքավորումներ, որոնց կիրառմամբ անցկացվել են հետազոտական աշխատանքներ մի շարք պատմամշակութային վայրերում: Այդ հետազոտությունների արդյունքները ամփոփված են «Հուշարձանների ապագան. Քարի քայքայումներ և ամրակայում 2020» գիտաժողովի նյութերում»-նշել է պարոն Վարդանյանը:

«Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» խորագրով գիրքը ներկայացնում է Հայաստանի ու հայ ժողովրդի հետաքրքրաշարժ կողմերը՝ հնարավորություն տալով օտարներին բացահայտելու Հայաստանը, ծանոթանալու մշակույթին, բնաշխարհին, բնակչությանը, բնական ու պատմամշակութային հուշարձաններին և այլն:

Ինչպես ներկայացրեց Գյոթինգենի «Գեորգ-Աուգուստ» համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Զիգֆրիդ Զիգիզմունդը, գիրքը նախատեսված էր հրատարակել որպես գիտական աշխատություն, հետո որոշվել է լայնացնել շրջանակը՝ ներառելով ուսումնասիրման տարբեր ոլորտներ: Պրոֆեսորը շնորհակալություն է հայտնել աջակիցներին, հայ մասնագետներին, հատկապես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետներին ջանքերի ներդրման և հաջող ավարտի համար:

Գիրքն անդրադառնում է նաև Հայաստանի երկրաբանական էվոլյուցիային, հնագիտական ժառանգությանը, հոգևոր և աշխարհիկ ճարտարապետությանը, գինեգործությանն ու կենսապահովման մշակույթի այլ ոլորտներին: Ինչպես նաև ներկայացված է 100 պատճառ, թե ինչու պետք է սիրել Հայաստանը:

24.06.22