ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ Էրազմուս+ ծրագրի ALL4R&D նախագծի տեղեկատվական հանդիպումը «Ուսանողների կարիերայի առաջընթացի և աշխատունակության բարձրացումը» թեմայով:
Էրազմուս+ ծրագրի «Համագործակցային, ազատ և նորարարական հարթակի միջոցով ակադեմիա-բիզնես համագործակցության խթանումը հանուն հետազոտության և զարգացման» նախագիծը սկսվել է 2018 թվականին, տևել է 36 ամիս (2018 -2021 թթ.), սակայն COVID-19 համաճարակով պայմանավորված՝ երակարաձգվել է մինչև ս.թ. նոյեմբեր:
Նախագծին մասնակցում են Հայաստանի, Մակեդոնիայի Գերմանիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Ֆինլանդիայի, Ավստրիայի և Ֆրանսիայի համալսարաններն ու կազմակերպությունները:
All4R&D նախագծի նպատակն է նպաստել հետազոտության, նորարարության, գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցմանը Բոսնիայում և Հերցեգովինայում ու Հայաստանում ռազմավարական, գիտակրթական և բիզնես համագործակցության խթանման միջոցով:
Տեղեկատվական միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՃՇՀԱՀ ուսումնական աշխատանքերի գծով պրոռեկտոր Ռոբերտ Սուքիասյանը, այնուհետև իրենց ողջունի խոսքերով հանդես եկան Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, All4R&D նախագծի հայաստանյան գործընկեր համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչներ Մհեր Մարկոսյանը (ԵրԿՄԳՀԻ տնօրեն), Գևորգ Մարգարովը (ՀԱՊՀ Ինֆորմացիոն անվտանգության ամբիոնի վարիչ) և Հրաչյա Ասցատրյանը (ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման ինստիտուտի տնօրեն): Միջոցառման ընթացքում All4R&D Էրազմուս+ նախագծի ՃՇՀԱՀ համակարգող Գոհար Ավետիսյանը ներկայացրեց նախագծի շրջանակում ՃՇՀԱՀ-ի կողմից իրականացված քայլերը, այն է՝ 2019թ. մարտ-ապրիլ ամիսներին հիմնվել է «Սեյսմակայունությանն առնչվող հետազոտական և զարգացման միավոր», ինչպես նաև մշակվել է վերոնշյալ միավոր-լաբորատորիայի համար գործարար ծրագիր, իսկ ռազմավարական ծրագիրը ներկայումս գտնվում է մշակման փուլում: Ձեռք են բերվել սարքավորումներ, և նախագծի ՃՇՀԱՀ թիմ-անդամների կողմից իրականացվել են հետազոտական ու զարգացման միավորի լրացուցիչ և շարունակական կրթության մաս կազմող դասընթացներ, մասնավորապես. ա) «Շենքերի վերակառուցումը և դրանց սեյսմակայունությունը» բ) «Ձեռներեցություն ճարտարագետների համար», գ) «Ռազմավարական կառավարում» դ) Էներգոխնայողությունը կայուն շինարարության մեջ, ե) «Շինարարության մոնիտորինգի կազմակերպում» և «Իրերի համացանցը» (Internet of Things): ՃՇՀԱՀ հետազոտական և զարգացման միավորի կողմից ներկայումս իրականացվում է երկու հետազոտական նախագիծ, որոնք համակարգվում են ՃՇՀԱՀ Կոնստրուկցիաների ամբիոնի և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի կողմից:
Այնուհետև, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանի Եվրոպական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների շուրջ 42 ուսանողի հանձնվեց նախագծի շրջանակում իրականացված լրացուցիչ և շարունակական կրթության մաս կազմող դասընթացների մասնակցության և ավարտական վկայականներ:
Միջոցառման վերջում կնքվեցին համագործակցության հուշագրեր ՃՇՀԱՀ հետազոտական և զարգացման միավորի և բիզնեսի ու արտադրության ոլորտի կազմակերպությունների հետ, որոնց թվում՝ «Մարկել» ՓԲԸ , «Առնի» ՍՊԸ, «Նորարարական կրթություն» հիմնադրամ և «Ավանգարդ Շին Կոնցեռն»: