ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարարությունը՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կազմակերպել էր երկօրյա համաժողով «Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» թեմայով։ Երկօրյա համաժողովին մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ԱԶ բանկի, Քաղաքաշինության կոմիտեի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։
Բացման արարողությանը մասնակիցներին առցանց ողջունել է Ասիական զարգացման բանկի տրանսպորտի և հաղորդակցության բաժնի տնօրեն Հիդիկի Իվասակին։ Ըստ ոլորտը համակարգող ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի՝ այս քննարկումները կօգնեն հասկանալ, թե ինչպես է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտն արձագանքելու նորարարություններին և ինչ նոր տեխնոլոգիաներ կարելի է կիրառել Հայաստանում։ Փոխնախարարի խոսքով՝ թե՛ ճանապարհային ոլորտի առաջիկա ռազմավարության մեջ, և՛ թե կառավարության գործունեության ծրագրում բավարար տեղ է հատկացված նորարարություններին, որի նպատակը շինարարարական նոր մեթոդների ու լուծումների կիրառման միջոցով ճանապարհային ցանցի մրցունակության և անվտանգության բարձրացումն է։
Համաժողովին ելույթ է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ով բարձր է գնահատել «Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» համաժողովի աշխատանքները։ Պարոն Վարդանյանը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումն աննախադեպ է. «Հայաստանում առաջին անգամ է ոլորտային նման քննարկում կազմակերպվում, որտեղ ներգրավված են գիտահետազոտական, կրթական-ակադեմիական, պետական, մասնավոր, հասարակական հատվածների, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Սա շատ կարևոր հարթակ է, որտեղ մասնագետները փոխանակում են մտքեր, տեսակետներ ներկայացնում, բանավիճում, ինչի արդյունքում կարող են լուծումներ գտնել, որոշումներ կայացնել և ներկայացնել կառավարման մարմիններին՝ կիրառության համար»։
Համաժողովը բաղկացած էր հինգ հիմնական նիստերից՝ «Տրանսպորտի ոլորտի զարգացումը։ Ճանապարհային ենթակառուցվածք», «Ապագա ճանապարհաշինություն, նոր մեթոդներ և մոտեցումներ», «Ճանապարհային անվտանգության և երթևեկության կառավարում», «Նոր տեխնոլոգիաներ», «Կանաչ ենթակառուցվածք. էկոլոգիական նյութերի կիրառում» թեմաներով։ Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո տեղի է ունեցել պանելային քննարկումներ։ «Տրանսպորտի ոլորտի զարգացումը։
Ճանապարհային ենթակառուցվածք» թեմային վերաբերվող նիստի ընթացքում Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը հանդես է եկել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դերը ոլորտի զարգացման մեջ: Գիտության դերը նորարարություններում» զեկույցով։ «Ապագա ճանապարհաշինություն․ Նոր մեթոդներ և մոտեցումներ» նիստի ընթացքում զեկույցներ են ներկայացրել Ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ Հակոբ Գյուլզադյանը, Ճանապարհների և կամուրջների ամբիոնի դոցենտ Արտաշես Սարգսյանը, միջազգային կապերի գծով պրոռեկտորի խորհրդական Արմեն Մինասյանը և գիտ. աշխատող Գրիգոր Սարգսյանը։ «Նորագույն տեխնոլոգիաներ» թեմայով նիստին Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դասախոս Վարդան Ղարիբյանը ներկայացրել է «Մոբայլ սկաներների օգտագործումը ճանապարհների, երթևեկության ուղիների և ենթակառուցվածքների նախագծման և կառուցման մեջ» թեմայով զեկուցում։
Նշենք նաև, որ համալսարանի գործընկեր Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ Պավել Պոսպոլովը և Յուրի Վասիլեվը, համալսարանի միջնորդությամբ առցանց տարբերակով հանդես են եկել «Տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիայի կիրառումը մայրուղիներում» զեկույցով:
Համաժողովի մասնակիցները անդրադարձել են նաև նորարարություններում գիտության դերին, ճանապարհային ենթակառուցվածքի նորմատիվ բազային, Հայաստանում կամուրջների նախագծային խնդիրներին և բազմաթիվ այլ հարցերի։