ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը աշխատանքները մեկնարկեց խորհրդի նախագահ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի ողջույնի խոսքով:
Պարոն Ղուլարյանը նշեց. «Համալսարանը տարեցտարի գրանցում է նոր հաջողություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ասպարեզում: Այս համատեքստում կարևոր ձեռքբերում եմ համարում մեր համալսարանի «ճարտարապետություն» մասնագիտության դիպլոմի վերաճանաչումը ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից: Սա գնահատական է ոչ միայն համալսարանի կողմից մատուցվող որակյալ կրթության, այլև համալսարանի՝ միջազգային հարթակներում վստահելի գործընկերոջ համբավի։ Կարևոր է, որ բարձր նշաձողին համապատասխան կրթական ծրագրի մատուցման արդյունքը տեսանելի է գործնականում՝ քաղաքաշինական ծրագրերն իրականացնելիս: Մասնավորապես ՀՀ կառավարության կողմից մեկնարկած հանրապետությունում ամենախոշոր քաղաքաշինական ծրագրի՝ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի, ինչպես նաև քաղաքաշինական մի շարք կարևոր նորմերի մշակման աշխատանքներում համալսարանին ներգրավելը փաստում է՝ համալսարանի նկատմամբ պետության վստահության մասին, որը միմիայն հպարտանալու առիթ է տալիս»: Պարոն Ղուլարյանը շնորհակալություն հայտնելով Ռեկտոր Եղիազար Վարդանյանին՝ ցուցաբերած արհեստավարժության և համալսարանը կայուն զարգացման տանելու համար, առաջարկեց անցնել օրակարգային հարցերին:
Օրակարգի հաստատումից հետո ռեկտորը մինչև տարեկան հաշվետվության ներկայացումը, իր խոսքում շնորհակալություն հայտնեց համալսարանի ողջ անձնակազմին անցնող տարում ցուցաբերած նվիրվածության և քրտնաջան աշխատանքի համար, վստահեցրեց, որ առանց դրա համալսարանը չէր արձանագրի այն հաջողությունները, որոնք առկա են այսօր:
Ռեկտորը ներկայացրեց 2023 թվականին իրականացված աշխատանքներն ու բյուջեի կատարողականը, ինչպես նաև 2024 թվականի նախատեսված ծրագրերն ու բյուջեն։ Ինչպես նախորդ տարիներին այս տարի նույնպես համալսարանի հաջորդ տարվա նախատեսված բյուջեի նախահաշիվը գերազանցում է 2023 թվականի նախահաշիվը: Պարոն Վարդանյանը նշեց, որ հաշվետու տարում կրթության ոլորտում առանձնակի կարևորվել է աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, աշխատաշուկայում պահանջարկ ունեցող նոր կրթական ծրագրերի և առանձին դասընթացների ներդրումը, գործող դասընթացների վերանայումը, դասախոսների համար իրականացվող վերապատրաստումները, ուսանողների համար լրացուցիչ դասընթացները տարբեր ծրագրային փաթեթների և օտար լեզուների ուղղությամբ: Շուրջ 180 դասախոս և 220 ուսանող մասնակցել են միջազգային տարբեր ծրագրերի: Անդրադառնալով գիտական գործունեությանը ռեկտորը նշեց, որ համալսարանը մասնակցել է 64 միջազգային գիտաժողովների, 46 մրցույթ ստուգատեսերի 26 օլիմպիադայի: Գիտական ամսագրերում տպագրվել է 145 հոդված, որից 27-ը միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում: Գիտական հետազոտությունների համար ձեռք են բերվել նոր սարքավորումներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի գիտական աշխատանքների արդյունքում երկու նորարարություն ձևակերպվել է որպես գյուտ և ստացել արտոնագիր: Ռեկտորը առանձնակի ուշադրություն հրավիրեց 2024 թվականին բացվող «Ավտոտրանսպորտային հաղորդակցուղիների և երթևեկության անվտանգության գիտահետազոտական կենտրոն»-ին: Այն շահագործվելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
Հոգաբարձուների խորհրդի անդամ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը տեղեկացրեց, որ անցնող տարում բավականին արդյունավետ աշխատանք է իրականացվել նախարարության և համալսարանի կողմից, որի արդյունքում իրականացվել են կարևոր միջոցառումներ:
ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն տվեց ռեկտորի հաշվետվությանը՝ բարձր գնահատելով տարվա ընթացքում կատարված ողջ աշխատանքը:
Պարոն Վարդանյանը համալսարանի ողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց հոգաբարձուների խորհրդի անդամներին տարվա ընթացքում համալսարանին ցուցաբերած աջակցության ու սերտ համագործակցության համար: