(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԱՅԱՑԱՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՆԻՍՏԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհուրդն ամփոփեց 2020թ-ի աշխատանքները և ներկայացրեց 2021 թ-ի անելիքները։

Նիստին, որի հիմնական զեկուցողը  ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանն էր, քննարկվեց 2020թ-ի բյուջեի կատարողականը և 2021թ-ի բյուջեի պլանավորման ծրագիրը:  

2020թ-ի համալսարանի գործունեության ամփոփիչ հաշվետվության մեջ շեշտադրվեց, որ նշյալ տարում իրականացվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են եղել կրթության որակի բարձրացմանը, ստեղծվել և շարունակաբար համալրվում է հեռավար ուսուցման հարթակը, կրկնապատկվել են օտար լեզվի  և մաթեմատիկայի դասընթացների դասաժամերը, օտար լեզվի ուսուցումն այլևս իրականացվում է՝ ըստ լեզվի իմացության մակարդակների ձևավորված խմբերի:

2020թ-ի ուսումնական գործընթացում իրականացված բարեփոխումների շրջանակում՝ վերանայվել են ՃՇՀԱՀ-ում գործող մագիստրոսի կրթական բոլոր ծրագրերի տևողությունները, փոխվել է ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը, մշակվել են նոր ուսումնական պլաններ, որոնք ներդրվել են 2020-2021թթ. ուսումնական տարում:  ՆՄՀ-ի միջոցներով ժամանակակից սարքավորումներով կահավորվել է «Ճանապարհաշինարարական փորձարկումների» լաբորատորիան, որը խթան կհանդիսանա ուսանողների մասնագիտական առաջընթացի համար:

Կարևորելով պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը՝ Գիտական խորհրդի՝ 2021թ-ի անդրանիկ նիստում հաստատվել է փետրվարի 1-ից պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի բարձրացումը 10%-ով, ինչը համալսարանի ռազմավարության գերակա ուղղություններից է և այսուհետև կրելու է շարունակական բնույթ:

Նիստի ընթացքում ռեկտոր Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ փետրվարին կայանալու է «Համալսարանի զարգացման հեռանկարները. մարտահրավերներ և նոր հնարավորություններ» խորագրով աշխատաժողովը, որի ընթացքում ներկայացված առաջարկների հիման վրա կազմվելու է համալսարանի զարգացման ռազմավարական պլանը։

 

 

29.01.21