ՀՀ Ճարտարապետների պալատում այսօր տեղի ունեցավ Ռուդիկ Գևորգյանի «Երարդշին. ակնթարթե թռիչքներ» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Վաստակավոր շինարար Լևոն Շահբազյանի հիշատակին և պատմում է ժամանակի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի՝ «Երարդշին» տրեստի գործունեության մասին:
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Շահբազյանի որդիները, գրքի խմբագիր Լավրենտի Միրզոյանը, «Երարդշին» տրեստի աշխատակիցներ, հարազատներ, ընկերներ:
Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ ռեկտոր Գալստյանը նախևառաջ խոսեց Ռուդիկ Գևորգյան մարդ տեսակի և նվիրված աշխատակից լինելու մասին: Նա նշեց, որ համակարգելով բոլոր աշխատանքները, Ռ. Գևորգյանն անձամբ էր մասնակցում շինարարական գործընթացին.
«Նրա և շինարարների անձնվեր ու դժվարին աշխատանքի շնորհիվ «Երարդշին»-ը հասավ լուրջ ձեռքբերումների: Առաջին հզոր կառույցից՝ Երևանի ալյումինի գործարանից մինչև «Հայֆիլմ» կինոստուդիայի համալիր շինարարությունը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի շենքը, ռազմարդյունաբերական կառույցներ, գործարաններ, բնակելի շենքեր»,-նկատեց ռեկտորը:
Ռուդիկ Գևորգյանի «Երարդշին ակնթարթե թռիչքներ» գիրքն ընթերցողին ծանոթացնում է Երևանի կառուցապատման աշխատանքներում «Երարդշին» տրեստի դերին ու գործունեությանը, տրեստի հիմնադրման տարուց՝ 1944թ-ից, Երևանում կառուցված կարևորագույն գործարանների ու ֆաբրիկաների ցանկին, որոնք ապահովել են հանրապետության ժողովրդական տնտեսության զարգացումը: Հատկանշական է այն հանգամանքը, որ միայն 1975-1980 թթ-ին «Երարդշին» տրեստը հինգ անգամ արժանացել է միութենական բարձրագույն պարգևների, տրեստի անունը ոսկե տառերով էր գրված ԽՍՀՄ ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսի պատվո տախտակին։
Հյուրերին իր խոսքը հղեց նաև Մկրտիչ Մինասյանը, ով գիրքն աննախադեպ համարեց՝ «Երարդշին» տրեստի բազմամյա գործունեությունը ներկայացնելու, սերունդներին վաստակաշատ շինարարների և Երևանի կառուցապատման մասին պատմելու տեսանկյունից:
Այսօր էլ՝ «Երարդշին» տրեստի ակունքներում կանգնած շինարարները չեն դադարում գործել: Խորհրդային միության փլուզումից հետո վերաստեղծվելով՝ որպես «Հորիզոն-95» ՍՊԸ, նրանք շարունակում են մեր երկրի կառուցապատման ու շենացման կարևորագույն առաքելությունը: