Հայաստանի ծաղրանկարիչների միության նախագահ, դիզայն ամբիոնի դասախոս Ա. Թորոսյանի նախաձեռնությամբ ՀՀ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվեց ծաղրանկարի վարպետության դաս եգիպտացի ծաղրանկարիչ Ահմեդ Գեասան Ռոզա էլ Յոսեֆի հետ: Վերջինս «Sabah el Kahir» ամսագրի, լրագրողների միության անդամ է և մանկական գրքերի նկարազարդող:
Հանդիպման ներկա էր նաև դիզայն ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը: Պարոն Մելիքյանը կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունները, նշեց «Հարգելի՛ ուսանողներ և հյուրեր, հաճելի է ձեզ ողջունել այստեղ և ներկա գտնվել այս կարևոր միջոցառմանը: Երգիծանկարչությունը բավական բարդ ուղղություն է դիզայնի ոլորտում, և եթե առաջին հայացքից հետաքրքիր է և ծիծաղելի, իրականում հոգեբանական և մասնագիտական հմտություններ պետք է ունենալ՝ կարողանալու համար հումորի միջոցով հասցնել սոցիալական բնույթի կարևոր մի միտք և այլն: Հուսով եմ՝ ապագայում վարպետաց դասերը շարունակական բնույթ կունենան՝ ընդգրկելով տարբեր երկրոների մասնագետների: Ցանկանում եմ կրկին ողջունել հարգարժան հյուրին՝ մաղթելով մասնագիտական առումով բովանդակալից գործընթաց»:
Վարպետաց դասի ընթացքում պարոն Յոսեֆը ներկայացրեց իր գծագրությունները, թղթի վրա արտահայտեց երևակայական իրողություններն ու պատկերացումները կերպարի մասին: Մարդ ստեղծելը դա կերպար է, այդ կերպարը կերտելը՝ յուրօրինակ հմտություն: