(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՌՈՄԵՈ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԳԻՐՔԸ

Լույս է տեսել Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի պրոֆեսոր, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աշոտ Գրիգորյանի (Աշոտ Հայկազուն) հեղինակած գիրքը՝ նվիրված ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանին։

Այս գրքի ստեղծման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ֆոնդարանում պահվող ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի անձնական արխիվի նյութերը։ «Թանգարանին, Ռ․ Ջուլհակյանի արխիվը նվիրել է իր ընտանիքը, և երբ ստացանք աշխատանքների արխիվը, պարզվեց, որ կա հսկայական նյութ, որի մասին երևի թե 60 տարի ոչ մեկ չգիտեր»-նշում է Ա․ Գրիգորյանը։

Ըստ արխիվային նյութերի Ռ․ Ջուլհակյանի նախագծերով իրականացված կառույցներով, գրքերով, ձևավորումներով, մեդալներով և ճարտարապետական փոքր ձևերով ընդգծվել է նրա թողած հարուստ ժառանգության դերը հայ ճարտարապետության մեջ։

Ռ․ Ջուլհակյանը հեղինակել է բազմաթիվ բնակելի և հասարակական շենքեր Երևանում, որոնցից առավել նշանակալից են կառավարության ընդունելիությունների տունը, մետրոյի «Զորավար Անդրանիկ», «Շենգավիթ» կայարանները, Դավիթաշենի կամուրջը, հեղինակել է նաև Մուսալեռան հերոսամարտին նվիրված հուշարձան-համալիրը Լիբանանում։ Նրա նախագծերով են կառուցվել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի գլխավոր դարպասն ու բաց խորանը, մկրտարանը (համահեղինակ` Ջիմ Թորոսյան), Երևանի Սբ. Սարգիս եկեղեցու զանգակատունը և բազմաթիվ այլ կառույցներ: Ձևավորել և նկարազարդել է ավելի քան 40 հեղինակների գրքեր:

Գրքի հեղինակ Աշոտ Հայկազունի խոսքով Ջուլհակյանին կարելի է դասել խորհրդային մոդեռնիզմի շրջանի ճարտարապետների շարքին, որպես այդ ուղղության կրող․ «Թերևս Ռոմեո Ջուլհակյանին որակենք, որպես նորարական ուղիներ փնտրող, այդ սերնդի տաղանդավոր ճարտարապետ»։

Գիրքը հրատարակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և ամերիկաբնակ ճարտարապետ, Ռ․ Ջուլհակյանի սան Արամ Ալաջաջյանի նյութական աջակցությամբ։

07.12.21