Օրերս Լիտվայի Կլայպեդայի համալսարանում տեղի ունեցավ միջազգային աշխատաժողով՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ FlexWBL «Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն կրթության աշխատանքահեն ուսուցման ճկուն, նորարարական և գործնական շրջանակի մշակում» նախագծի շրջանակներում։
ՃՇՀԱՀ-ից մասնակցում էին Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ Տաթևիկ Եդոյանը, Շինարարության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վիկտորիա Պարտիզպանյանը, Ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի ղեկավար Տաթևիկ Սարգսյանը, Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Անի Հակոբյանը։
Աշխատաժողովի ընթացքում տիկին Եդոյանը ներկայացրեց FlexWBL նախագծի շրջանակում կատարված աշխատանքները, մեկնարկած պիլոտային ծրագրի մանրամասները, «Նախագծերի կառավարում» (շինարարության ճյուղում) մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնական պլանում իրականացված համապատասխան փոփոխությունները, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների հետ ձեռքբերված պայմանավորվածությունները: Իսկ Ա․ Հակոբյանը ներկայացրեց աշխատանքի վրա հիմնված ուսուցման վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, սպասվելիք հնարավորությունները և ռիսկերը պարզելու նպատակով ՃՇՀԱՀ ակադեմիական շրջանակում «Նախագծերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրով ուսումնառողների և գործընկեր կազակերպությունների ղեկավար անձնակազմի շրջանակներում իրականացված հարցումների արդյունքները, կատարված վերլուծություններն ու եզրահանգումները:
ՃՇՀԱՀ թիմը, կարևորելով ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածման նշանակությունը, հիբրիդային ձևաչափով կազմակերպվեց տեղեկատվական բնույթի հանդիպում, որի նպատակն էր շահագրգիռ կողմերին տեղեկացնել Հայաստանի բուհերում աշխատանքի վրա հիմնված ուսուցման իրականացման հիմնական առավելությունների և խոչընդոտների մասին, որոնք հայտնաբերվել են Erasmus+ FlexWBL ծրագրի շրջանակներում: