(010) 303-300

ԻՐԱԿԱՆԱՑԱՎ 2024Թ. ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական խորհրդի տարեվերջյան նիստը:

Նիստի օրակարգային հարցերը հաստատելուց հետո ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը ներկայացրեց 2024 թվականի տարեկան հաշվետվությունը՝ ընդգծելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և գործընկերների արդյունավետ աշխատանքի շնորհիվ արձանագրված զգալի հաջողությունները։ Հաշվետվության համաձայն՝ 2024 թվականին համալսարանը կարողացել է ապահովել ոչ միայն ուսումնառողների թվի աճ, այլև մշակել նոր կրթական ծրագրեր՝ նախատեսված 2024 և 2025-2026 թվականների ուսումնական տարիների համար:

Բարձր արդյունքներ են գրանցվել նաև գիտական գործունեության ոլորտում։ Չորս համալսարանականների շնորհվել է գիտությունների թեկնածուի աստիճան, չորսին՝ պրոֆեսորի գիտական կոչում, իսկ ինը համալսարանական արժանացել են դոցենտի կոչման։ Համալսարանում իրականացվել են բազմաթիվ գիտական ծրագրեր ու միջոցառումներ, որոնցում ակտիվ ներգրավվածություն են ունեցել երիտասարդ գիտնականները։

Հատկանշական ձեռքբերումներից էր ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գերազանցության կենտրոնի հիմնումը, որը տարածաշրջանում միակն է և կենտրոնացած է պատմամշակութային արժեք ունեցող բնակարանային ֆոնդի պահպանության և զարգացման ծրագրերի վրա։

Նիստի ավարտին պարոն Բարսեղյանը ներկայացրեց համալսարանի 2025 թվականի առաջնահերթությունները, որոնք ներառում են կրթական գործընթացների արդյունավետության բարձրացումը, գիտական ուղղությունների զարգացումն ու միջազգային վարկանիշի ամրապնդումը, ինչպես նաև կառավարման և աշխատանքի կազմակերպման նորարարական մոտեցումների ներդրումը։ Նա նաև նշեց, որ 2025 թվականին նախատեսվում է դասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատավարձերի բարձրացում։

Ամփոփելով, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական խորհրդի 2024 թվականի հաշվետու նիստը վերածվեց բուհի ձեռքբերումների ամփոփման և ապագա ռազմավարական ուղղությունների նախանշման յուրահատուկ հարթակի։ Քննարկելով 2025 թվականի հեռանկարները՝ բուհը ձգտում է դառնալ առավել մրցունակ և հեղինակավոր կրթական հաստատություն, ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում։

13.12.24