(010) 303-300

ԻՐԱԿԱՆԱՑԱՎ ՃՇՀԱՀ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ

Աղվերանում տեղի է ունեցել ՃՇՀԱՀ Երիտասարդ հետազոտողների միավորման հերթական ամառային դպրոցը, որը իրականացվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ու ՃՇՀԱՀ-ի համատեղ ֆինանսավորմամբ:

Միջոցառման օրակարգում ընդգրկված էին ասպիրանտների և հայցորդների զեկույցներն իրենց հետազոտությունների մասին,  սեմինար-քննարկումներ ու դասախոսություններ՝ գիտական հետազոտությունների տարբեր ասպեկտների վերաբերյալ, թիմային խաղ-մրցույթ՝ միջմասնագիտական ձևաչափով երկակի նշանակության հետազոտությունների հայեցակարգերի մշակում, բանավեճեր և այլն:

Միջոցառմանը մասնակցում էին միավորման խորհրդի անդամները, ասպիրանտներ, հայցորդներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, համալսարանի բոլոր ֆակուլտետները ներկայացնող  շուրջ երկու տասնյակ ուսանողներ:

Համալսարանի գիտության վարչության ղեկավար, գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պ/կ Սարգիս Թովմասյանը համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանի անունից ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց ամառային դպրոցի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ միջոցառումը թույլ կտա համախմբել գիտության տարբեր ոլորտներով հետաքրքրված երիտասարդներին:

Միավորման խորհրդի նախագահ Մեսրոպ Սահակյանն ու խորհրդի անդամները խոսեցին միավորման ընթացիկ և առաջիկա ծրագրերի, ինչպես նաև միջոլորտային հետազոտությունների իրականացման համար տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդ հետազոտողների ներուժն օգտագործելու մասին:  Խոսվեց նաև այդ խնդրի լուծման համար սոցիալական հարթակներն օգտագործելու, համալսարանում և արտերկրում իրականացված հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվական շտեմարան ստեղծելու անհրաժեշտության մասին:

Իրենց հետազոտությունների ընթացքի և առաջիկա ծրագրերի մասին զեկույցներով հանդես եկան ասպիրանտներ և հայցորդներ Սուրեն Մալումյանը, Խաչիկ Չքոլյանը, Նարինե Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Դավիթ Հակոբյանը, Մարիամ Քոչարյանը և Լուսինե Եղիյանը: Զեկույցներով հանդես եկան վերջերս թեկանածուական ատենախոսություն պաշտպանած Սպարտակ Սարգսյանը և Կարեն Մովսիսյանը՝ ներկայացնելուվ իրենց ատենախոսությունների հիմնական դրույթները: Առանձին զեկուցումով հանդես եկավ նաև բակալավրիատն այս տարի ավարտած Նաիրի Հակոբյանը:

ՃՇՀԱՀ-ի կողմից տրամադրված ներքին դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Մեսրոպ Սահակյանը, Լուսինե Եղիյանը, Մարիամ Քոչարյանը և ուսանողուհի Արևիկ Նազարյանը ներկայացրին «Բազմաբնակարան բնակելի շենքերի տվյալների բազայի ստեղծման մեթոդաբանության մշակում առանձին բնակելի հատվածի օրինակով» թեմայի շրջանակներում արդեն կատարված աշխատանքները և հետագա անելիքները:

Միջոցառման օրակարգում տեղ էին գտել նաև դասախոսություններ՝ միջմասնագիտական հետաքրքրություն ներկայացնող թեմաներով: Դասախոսություններով հանդես եկան տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Դադայանը, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Աշոտ Գևորգյանը, ճարտարապետության թեկնածուներ Դավիթ Նահատակյանն ու Աննա Վարդանյանը:

Բոլոր զեկույցներն ուղեկցվում էին հարց ու պատասխաններով, ակտիվ քննարկումներով և մտքերի փոխանակմամբ, որոնց ակտիվորեն մասնակցում էին նաև ուսանողները:

Օրակարգում ընդգրկված էր նաև  միջմասնագիտական սկզբունքով ձևավորված թիմային խաղ-մրցույթի կազմակերպումը՝ երկակի նշանակության   գիտական հետազոտությունների հայեցակարգեր մշակելու նպատակով: Մասնակիցների քվեարկության արդյունքում մրցույթում հաղթող ճանաչվեց «360º» թիմը՝ «Երկակի նշանակության ճամբար-կացարանների ներդրման մեթոդաբանության մշակում Սյունիքի մարզի օրինակով» թեմայով (մասնակիցներ՝ Եղիյան Լուսինե, Մալումյան Սուրեն, Մարտիրոսյան Լիլիթ, Թովմասյան Քրիստինե, Ջաղինյան Նելլի, խորհրդատու՝ Նահատակյան Դավիթ):  

Ամառային դպրոցի աշխատանքներն ամփոփվեցին դրա արդյունքների և առաջիկա անելիքների շուրջ մտքերի փոխանակմամբ: Մասնակիցներն իրենց գոհունակությունն արտահայտեցին միջոցառման առնչությամբ՝ ցանկություն հայտնելով, որ նման միջոցառումներ կազմակերպվեն նաև համալսարանում՝ ուսանողների ավելի լայն շրջանակի ներգրավումով: 

Միջոցառման ավարտին Սարգիս Թովմասյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման բոլոր մասնակիցներին՝ արդյունավետ աշխատանքի և ակտիվ քննարկումների համար, հույս հայտնելով, որ համագործակցությունը գիտական հետազոտությունների բնագավառում կլինեն շարունակական:  

28.07.25