(010) 303-300

ԻՐԱԿԱՆԱՑԱՎ «ՃԵՊԱ(ԼՈՒՍԱ)ՆԿԱՐԻՐ ԴԻԶԱՅՆԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԵՏ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ՃՇՀԱՀ-ում կայացավ Ուսանողական խորհրդի կազմակերպած «Ճեպա(լուսա)նկարիր Դիզայնի ֆակուլտետի հետ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին բուհի բոլոր ֆակուլտետների ուսանողների ստեղծագործական աշխատանքները՝ ինքնատիպ մտածողությամբ։

Ցուցահանդեսը մեկնարկեց ծրագրի համահեղինակ, Դիզայնի ֆակուլտետի ՈւԽ նախագահ Էլենա Աբրահամյանի խոսքով: Վերջինս պատմեց ծրագրի գաղափարի և ստեղծման ճանապարհի մասին՝ նշելով, որ այս նախաձեռնությունն ուղղված է ուսանողների ստեղծագործական ներուժի բացահայտմանը և Դիզայնի ֆակուլտետի գործունեությունը լայն շրջանակներին ներկայացնելուն։

Ծրագրի շրջանակում ուսանողները Դիզայնի ֆակուլտետի դասախոս Սարգիս Աբեդիի ուղեկցությամբ այցելել են Սաղմոսավանք, Հաղարծինի թաքնված ջրվեժ, Գառնի և Ազատի ջրամբար՝ այնտեղ ստեղծագործելու և նոր ոգեշնչում ստանալու նպատակով։ Այցելությունների ընթացքում արված լուսանկարներն ու գեղարվեստական աշխատանքները ներկայացված էին ցուցահանդեսում՝ հնարավորություն տալով հանդիսատեսին տեսնել ուսանողների յուրահատուկ ընկալումն ու մասնագիտական մոտեցումները։

Ցուցահանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, ով կարևորեց նման նախաձեռնությունների նշանակությունը ուսանողների ստեղծագործական զարգացման և համալսարանական կյանքի բազմազանության ապահովման գործում։ Նա նշեց. «Գեղեցիկը տեսնել, նկատել և ներկայացնել մարդկանց, որպեսզի հոգին մի քիչ շարժվի, դա մեծ շնորհք է։ Աշխատեք կիսվել բոլորի հետ Ձեր աստվածատուր տաղանդով, և այսօր՝ այս խնդրառատ իրականության մեջ, նման բաները չափազանց կարևոր են։ Մեր ուսանողները հաճախ են իրենց շնորհքով զարմացնում մեզ՝ ոչ միայն համալսարանական համայնքին, այլև մեր հյուրերին և միջազգային գործընկերներին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին այս նախաձեռնության համար»։

Միջոցառմանը ուսանողներին շնորհավորեց նաև ռեկտորի խորհրդական Արման Առաքելյանը, ով բարձր գնահատեց ՈւԽ-ի նախաձեռնությունը և ուսանողների ներգրավվածությունն այս կարևոր նախագծում՝ ընդգծելով նման միջոցառումների նշանակությունը համալսարանի մշակութային ու կրթական միջավայրի զարգացման գործում։ Իր խոսքում նա նշեց. «Ողջունելի է ՈւԽ-ի կողմից նման նախաձեռնությունը։ Միջոցառումը ոչ միայն ներկայացրեց ուսանողների տաղանդն ու տեսողական աշխարհընկալումը, այլև նպաստեց տարբեր ֆակուլտետների միջև համագործակցության խթանմանը՝ ցույց տալով, որ ՃՇՀԱՀ-ը շարունակում է մնալ ստեղծագործական և գիտական առաջատար կենտրոն։

Շնորհակալություն եմ ուզում հայտնել այն ուսանողներին, ովքեր ներգրավված են եղել այս միջոցառման կազմակերպչական աշխատանքներում՝ իրենց ժամանակը և ջանքերը ներդնելով բուհի մշակութային կյանքի հարստացման գործում»։

Ցուցահանդեսի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան մանրամասնորեն ծանոթանալ ուսանողների ստեղծագործություններին, որոնք արտացոլում էին տարբեր մոտեցումներ, թեմատիկ բազմազանություն և տեխնիկական հմտություններ։

28.02.25