Սանկտ Պետերբուրգի պետական Ճարտարապետաշինարարական համալսարանում կայացավ Ճարտարապետական ժառանգության վերակառուցում և վերականգնում IV ազգային գիտագործնական համաժողովը (РРАН 2024): Համաժողովի ընթացքում քննարկվեցին ոլորտին վերաբերող տարաբնույթ հարցեր: Պատմամշակութային ժառանգության պահպանության և ներուժի օգտագործման ոլորտում առկա իրենց խնդիրները և փորձը ներկայացրին Ռուսաստանի դաշնության տարբեր քաղաքներից ժամանած վերականգնող ճարտարապետներ, ժառանգության պահպանության ու վերականգնման ոլորտը համակարգող պատասխանատու անձինք: Հատուկ քննարկման առարկա էին նաև վերականգնող ճարտարապետների պատրաստման և կրթության կազմակերպման հարցերը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից գիտաժողովին մասնակցում էին Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի վարիչ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Էմմա Հարությունյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Լյուբա Կիրակոսյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մարիետա Գասպարյանը: ՃՇՀԱՀ ներկայացուցիչները հանդես եկան զեկուցումներով, որտեղ ներկայացնում էին վերականգնող ճարտարապետների պատրաստման գործընթացը ՃՇՀԱՀ-ում, Հայաստանի և Արցախի հնավայրերի ճարտարապետական ժառանգության պահպանության և վերաօգտագործման փորձը, Երևանի պատմական միջուկի պահպանության վիճակը և ոճական առանձնահատկությունները:
Համաժողովի շրջանակում կազմակերպվեց այցելություն Ռոժդեստվենո բնակավայրում գտնվող վերականգնման միջազգային կենտրոն, որտեղ հնարավորություն ստեղծվեց ծանոթանալ կենտրոնի արվեստանոցներին և կատարվող աշխատանքներին:
Համալսարանի պատվիրակությունը հրավիրող կողմից ստացել է միջհամալսարանական և վերականգնման կենտրոնների հետագա համագործակցության առաջարկներ: