Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էին Թուրքիայի ՄԵՖ և Կադիր Հաս համալսարանների դասախոսները: Այցը կազմակերպվել էր Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող «Թուրքիա-Հայաստան երկխոսության ծրագրի» շրջանակներում՝ Գյումրու «Երիտասարդության նախաձեռնության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության շնորհիվ։ Ծրագրին որոշակի աջակցություն է ցուցաբերել նաև Քրեստ հիմնադրամը։
ՄԵՖ համալսարանի արվեստի, դիզայնի և ճարտարապետության ֆակուլտետի դոցենտ Օզան Ավչին ներկայացրեց ՄԵՖ համալսարանի Նախագծման և կառուցապատման արվեստանոցը և դրա շրջանակում ՄԵՖ-ի ու ՃՇՀԱՀ-ի համագործակցության հնարավորությունը: Բանախոսը նշեց, որ ՄԵՖ-ի Նախագծման և կառուցապատման ստուդիայի շրջանակներում՝ առաջին տարվա ուսանողները և դասախոսները, սոցիալական նպատակներից ելնելով, կնախագծեն և կկառուցեն միասին:
Նշենք, որ այսօր նախատեսվում է նաև ՄԵՖ համալսարանի Արվեստի, դիզայնի և ճարտարապետության ֆակուլտետի դոցենտ Ահմետ Սեզգինի դասախոսությունը՝ «Սինան. ճարտարապետին և նրա ժառանգությունը հասկանալու հեռանկարները» թեմայով և Կադիր Հաս համալսարանի Արվեստի և դիզայնի ֆակուլտետի դոցենտ Այշե Էրեկի դասախոսությունը՝ «Ժամանակակից արվեստ և քաղաքաշինական տարածք Թուրքիայում» թեմայով:
Հիշեցնենք՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Ստամբուլի ՄԵՖ համալսարանի միջև փոխադարձ այցերն ու դասախոսությունները մեկնարկել են դեռևս անցյալ տարի՝ Հրանտ Դինք հիմնադրամի միջնորդությամբ:
Նախ՝ Հրանտ Դինք հիմնադրամի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում՝ մեր համալսարանի պատվիրակության անդամները մեկնեցին Թուրքիա, այցելեցին պատմական տարածքներ, դպրոցներ, թանգարաններ, Ստամբուլի MEF համալսարան, որտեղ հանդես եկան ճարտարապետության վերաբերյալ դասախոսություներով: Այդ այցի ընթացքում էլ մեր համալսարանի ուսանողները՝ 6 թուրք ուսանողի հետ, նախագծեցին, ապա՝ իրականացրեցին Ստամբուլի Հայկական եկեղեցու հովանու ներքո գտնվող հայկական մանկապարտեզի խաղահրապարակի նախագիծը: