(010) 303-300

ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐԻ 2024Թ․ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Օրերս Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Էրազմուս+ ծրագրի 2024թ․ տեղեկատվական օրերի շրջանակում անցկացվեց հանդիպում, որի նպատակն էր տրամադրել տեղեկատվություն Էրազմուս+ ծրագրին դիմող հաստատություններին, հասարակական կազմակերպություններին, ծանոթացնել ծրագրի ընձեռած հնարավորություններին, աջակցել դիմում-հայտերի պատրաստմանը։

Ելույթների և քննարկումների հիմնական ուղղություններն էին`

  • Էրազմուս+ ծրագրի՝ բուհերի համար հասանելի գործողությունները,
  • Գործնական խորհուրդներ Sigma համակարգում Էրազմուս+ արդեն իսկ ֆինանսավորված նախագծերի կառավարման վերաբերյալ,
  • Նախագծի մշակման փուլում տրամաբանական շրջանակի (Logical Framework Matrix) ստեղծումը,
  • Համատեղ մագիստրոսական ծրագրեր․ ստեղծումից մինչև իրականացում,
  • Կրթության ոլորտում ներառականության և արդարության ապահովման մեխանիզմները,
  • Ժան Մոնե գործողություններ, Ժան Մոնե գերազանցության կենտրոնի ստեղծումը։

Հանդիպմանը մասնակցում էին համալսարանի Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, Արտաքին կապերի վարչության խորհրդական, ճարտարապետ Արմեն Մինասյանը, Կրթության որակի ապահովման և  զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, Միջազգային և միջբուհական համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Ժաննա Հակոբյանը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան, գրասենյակի աշխատակիցները, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի եվրոպական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Գավառի պետական համալսարանի ներկայացուցիչները, միջազգային ծրագրերի համակարգողներ և ոլորտային փորձագետներ:

Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանն իր ելույթի խոսքում ողջունելով մասնակիցներին` նշեց, որ համալսարանը շարունակաբար ներգրավված է եվրոպական դրամաշնորհային ծրագրերում: Որպես կոնսորցիումի անդամ՝ ՃՇՀԱՀ-ը 1996 թվականից մասնակցել է «TEMPUS» և «Erasmus+» ծրագրերին, որոնք ուղղված են բուհի կարողությունների զարգացմանը, ուսում­նական և կրթական ծրագրերի նորացմանն ու զարգացմանը, լաբորատորիաների և գործիքների արդիականացմանը, համալսարանի կառավարման համակարգի կատարելագործմանը: Այս գործողությունները հնարավորություն են տալիս համալսարանում շարունակաբար զարգացնել միջազգային համագործակցությունը և բարելավել կրթության որակը:

Տիկին Կառլովան իր ելույթում մանրամասն ներկայացրեց Էրազմուս+ ծրագրի տարբեր ուղղությունները, վերջին տարիներին Հայաստանում և տարածաշրջանում իրականացված և նախատեսվող ծրագրերը, հայտերի պատրաստման գործընթացը:

Տիկին Կառլովան նշեց, որ Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ տեղը «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողության ուղղությամբ ֆինանսավորում ստացած նախագծերի քանակով և առաջինը՝ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության ուղղությամբ ֆինանսավորված նախագծերի քանակով:

Միջոցառման ավարտին հարցուպատասխանի ձևաչափով մասնակիցների կողմից ամփոփվեցին քննարկված թեմաները:

 

18.12.24