(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԶՐՈՒՅՑ ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱԿԻՉԻ ՀԵՏ

Պատերազմի ընթացքում այս սրատես զինվորի լուսանկարը հաճախ էր ոգևորում թիկունքում գտնվողներիս: Նայում էինք, կարդում մեր քաջերի հերոսությունները և մենք էլ զինվում անպատմելի հավատով ու հպարտությամբ:

Լուսանկարում մեր համալսարանի Քաղաքային տնտեսություն ֆակուլտետի ուսանող Մակիչ Աղաջանյանն է: Ժամկետային զինծառայությունից մեկ ամիս առաջ է վերադարձել՝ 2 անօդաչու սարք խոցած, «Արիության համար» մեդալով, պատերազմի մասին սոսկալի հիշողություններով, բայց անկոտորում ոգով:

Զրույցի ընթացքում ռազմի մասին պատմությունները դժվարությամբ է շռայլում, ասում է՝ չի սիրում խոսել ու նորից վերապրել ընկերների կորստի ցավը: Հակաօդային պաշտպանության ավագ զենիթային հրաձիգ Մակիչն իր ծառայությունն անցել է Ասկերանում՝ պատերազմի ընթացքում պահելով Աղդամի դիրքերը: Պատմում է, որ կռվի ընթացքում չի տեսել գեթ մեկ տխուր և հուսահատ զինվորի. կռվել են, զրուցել, ժպտացել, ուրախացել միմյանց հերոսություններով, կիսել ցավը, բայց չեն դադարել հավատալ, որ կռվում հաղթանակը մերն է լինելու:

«Ընդհակառակը՝ տխուր էինք, երբ հայտարարեցին, որ պատերազմն ավարտվեց… Այս ելքով ավարտն անսպասելի և ավելի սարսափելի էր, քան ինքը պատերազմը», — խոստովանում է և անմիջապես հավելում, որ հայկական բանակի մարտունակությունը երբեք խոցված չի եղել և հիմա էլ բոլորը պատրաստ են նորից զենք վերցնել և թշնամուն վերջանականապես ցույց տալ իր իսկական տեղը:

Ծնունդով Վարդենիսցի Մակիչը կես կատակ, կես լուրջ պատմում է, որ հասցրել է նաև թշնամու հետ «շփվել». «Մեր հատվածում նույնիսկ թշնամու հետ չէինք կորցնում մեր մարդկային որակները: Հրադադարից հետո թույլ էինք տալիս հանգիստ, առանց կռվի մտադրության մոտենալ ծխախոտ կամ ջուր խնդրել, խոսել, բայց միևնույնն է, իրենց նման թշնամու հետ երբեք զգոնությունը չէինք կորցնում»:

Ասում է՝ մեր տղերքի հայրենասիրությունն ու ոգևորությունը կոտրելն անհնար է, և հենց դա էլ մեր հիմնական զենքն է. «Դա ունենք, հենց զինամթերքի պաշարն էլ հարստանա և ավելի միասնական ու մեկ բռունցք դառնանք, անպայման կհաղթենք»:

 

10.02.21