(010) 303-300

Զբոսաշրջության ոլորտում կրթության կազմակերպման փորձը Բոլոնիայի համալսարանի օրինակով

Erasmus+ ծրագրի շրջանակներում իրականացվող HERITAG նախագծի հերթական փուլի արդյունքների ներկայացման նպատակով ՃՇՀԱՀ 2112 լսարանում մայիսի 5-ին տեղի ունեցավ աշխատանքային սեմինար՝ «Զբոսաշրջության ոլորտում կրթության կազմակերպման փորձը Բոլոնիայի համալսարանի օրինակով» թեմայով: Սեմինարի նպատակը Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի կամպուս այցելության ընթացքում ձեռքբերված փորձի փոխանցումն էր դասախոսներին, ուսանողներին և զբոսաշրջության ոլորտի մասնագետներին: Ներկայացնողները ՃՇՀԱՀ և ՀՊՏՀ ներկայացուցիչներն էին:

Սեմինարի բացման խոսքով հանդես եկավ HERITAG նախագծի համակարգող Վարազդատ Հովհաննիսյանը (ՃՇՀԱՀ): Նա ներկայացրեց նախագծի նպատակը, իրականացված գործունեությունը, ինչպես նաև անդրադարձավ ձեռքբերումներին, որոնց արդյունքում հնարավորություն է ընձեռվում զբոսաշրջության և գեոտեղեկատվական համակարգերի կրթության համատեղման միջոցով բարձրացնել այդ մասնագիտությունների մրցունակությունը:

Բոլոնիայի համալսարանի կառուցվածքն ու գործունեության հիմնական առանձնահատկությունները ներկայացրեց Տաթևիկ Եդոյանը (ՃՇՀԱՀ): Ելույթի առանցքային դիտարկումներից էին Բոլոնիայի համալսարանի դպրոցների, դեպարտամենտների, մասնագիտությունների առանձնացումն ու կամպուսային բաշխվածությունը, համալսարանում գործող կրթական համակարգերը և ուսանողների բաշխվածությունն՝ ըստ այդ համակարգերի, ինչպես նաև՝ աշխատակիցների դասակարգումներն ու գիտական գործունեությունը:

Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի կամպուս այցելության բովանդակային մասը ներկայացրեց Մխիթար Բալայանը (ՃՇՀԱՀ): Ելույթը ներառում էր զբոսաշրջության հիմնական հասկացությունները, տնտեսական համակարգում զբոսաշրջության դերն ու նշանակությունը, զբոսաշրջության սոցիալ-տնտեսական, մշակութային և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, զբոսաշրջության կայուն զարգացման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ կրթության և ոլորտի համագործակցության անհրաժեշտությունը:

Հասմիկ Համբարձումյանը (ՀՊՏՀ) ներկայացրեց Բոլոնիայի համալսարանի Զբոսաշրջություն մասնագիտության կրթական ծրագրերի բովանդակությունն ու առանձնահատկությունները: Նա մատնանշեց բակալավրիական և մագիստրոսական ծրագրերի առանձնահատկությունները, դրանց գրավչության բաղադրիչները, ինչպես նաև վերջնարդյունքներն ու ընդունելության նախապայմանները:

Դասավանդման և ուսումնառության մեթոդաբանությանն անդրադարձավ Տիգրան Մնացականյանը (ՀՊՏՀ): Նա առանձնացրեց կիրառվող հիմնախնդրային, հետազոտական և խաղային բաղադրիչները, դրանց հիմնադրույթները, յուրաքանչյուրի դրական և բացասական կողմերը: Ելույթում մատնանշվեց նաև մեթոդների կիրառման իրավիճակներն ու հնարավոր արդյունքները:

Սեմինարը կազմակերպված էր անմիջական մթնոլորտում, որտեղ մասնակիցներն ազատորեն արտահայտում էին իրենց կարծիքները, տալիս էին հարցեր, քննարկում Բոլոնիայի համալսարանի փորձի տեղայնացման հնարավորությունները:

12.05.17