(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է համալսարանի լաբորատորիաներում, ծանոթացել գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Հայկ Մարությանին հրավերն ընդունելու համար՝ ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշել է, որ համալսարանի տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է տալիս ուսանողների համար ապահովել որակյալ կրթություն և պատրաստել աշխատաշուկայի պահանջները բավարարող բարձրակարգ մասնագետներ:

«Համալսարանի և քաղաքապետարանի միջև ավանդաբար ձևավորված համագործակցության ընդլայնումը կարևորվում է ոչ միայն ճարտարապետության, այլև շինարարության, տրանսպորտի, ենթակառուցվածքների ոլորտներում: Համալսարանը պատրաստ է իր մասնագետների և տեխնիկական հնարավորություններով նպաստել քաղաքի զարգացմանը»,- նշել է ռեկտորը:

Խոսելով երկու կառույցների համագործակցության խորացման անհրաժեշտության մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքային տնտեսության նշված ոլորտներն անչափ կարևոր են քաղաքի զարգացման համար, և վստահեցրել, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության ընդլայնման գործում:

«Իրականում մեծ են մեր համագործակցության եզրերը՝ սկսած նրանից, որ մենք կարող ենք ասել՝ ինչ իրական խնդիրներ ունենք և ըստ այդ գնահատականի հասկանանք, թե ինչ մասնագետներ է պետք պատրաստել, վերջացրած նրանից, որ դուք մեզ առաջարկեք, թե ինչպես եք տեսնում այդ խնդիրների լուծումը: Միշտ պատրաստ ենք լավ մասնագետի խորհուրդ լսելու, իրականացնելու և միասին աշխատելու: Մեր հիմնական նպատակը՝ այն վիճակից, որում այսօր հայտնվել է քաղաքը, շարժվենք առաջ։ Մեր նիշը պետք է եվրոպական քաղաքները լինեն: Մեծ ճանապարհ ունենք անցնելու, բայց, վստահ եմ, որ կարող ենք անցնել…»,- ընդգծել է քաղաքապետը:

 

29.01.21