(010) 303-300

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՆԻՍՏ

ՃՇՀԱՀ-ում իրականացավ Երիտասարդ հետազոտողների միավորման հաշվետու նիստը:

Միջոցառումը մեկնարկեց ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանի ողջույնի խոսքով: Վերջինս, ընդգծելով Երիտասարդ հետազոտողների միավորման ստեղծման կարևորությունը, նշեց. «Երբ կայացվեց որոշումը ստեղծել այս միավորումը, այն ողջունվեց բոլորի կողմից և ձևավորվեց որպես մի հարթակ, որը կապող օղակ է երիտասարդության, ուսանողության և գիտության միջև։ Այս կառույցն ունի կարևոր առաքելություն՝ երիտասարդացնել համալսարանի գիտահետազոտական աշխատանքները և ստեղծել միջավայր, որտեղ մեր ավագ սերնդի գիտնականներն ու պրոֆեսորները կկարողանան ներգրավել երիտասարդներին գիտության ոլորտում։ Հատկապես կարևոր է, որ այս միավորումը սերտորեն համագործակցի համալսարանի ուսանողների հետ՝ խթանելով նրանց հետաքրքրությունը գիտության և հետազոտությունների նկատմամբ»։

Այնուհետև Երիտասարդ հետազոտողների միավորման նախագահ Լիլիթ Բաբայանը ներկայացրեց տարեկան հաշվետվությունը՝ առանձնացնելով Ամառային դպրոց ծրագրի արդյունքները, որը միավորման առաջին մեծ միջոցառումն էր։ Նա նշեց. «Սա ոչ միայն տարեկան հաշվետվություն է, այլև մեզ համար նոր և կարևոր քայլ։ Ծրագրի շրջանակներում ծանոթացանք գիտական ոլորտում ներգրավված անձանց հետ, և բոլոր այն ծրագրերը, որոնք մենք նախատեսում ենք իրականացնել, գուցե դեռ փոքր են, բայց, վստահ եմ, որ ապագայում դրանք առավել կմեծանան, և ՃՇՀԱՀ գիտական սեկտորը կդառնա ավելի ամուր և կզարգանա մեծ քայլերով»։

Միջոցառմանը մասնակցում էին նաև համալսարանի Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, Գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պ.կ. Սարգիս Թովմասյանը, Աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնի վարիչները և դասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, որոնք ներկայացրին նկատառումներ միավորման գործունեության մասին և առաջարկություններ միավորման հետագա ծրագրերի վերաբերյալ: 

Հանդիպման ավարտին ամառային դպրոցի բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր։ Այս միջոցառումն ընդգծեց երիտասարդ հետազոտողների ծրագրի կարևորությունը՝ խրախուսելով նրանց շարունակել զարգանալ և խորացնել իրենց ներգրավվածությունը գիտական գործունեության մեջ։

12.12.24