(010) 303-300

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԷՐԱԶՄՈՒՍ+ T-GREEN ՆԱԽԱԳԻԾԸ

Երևանում կայացավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որն ամփոփեց նախագծի շրջանակում իրականացված աշխատանքները և բարձրագույն կրթության ոլորտում արձանագրված կարևոր արդյունքները։

Նախագիծը նպատակ ուներ նպաստել Հայաստանում բուհական կրթության բարեփոխմանը՝ խրախուսելով անցումը ավանդական ուսումնական ծրագրերից դեպի ապագային միտված, կանաչ և միջառարկայական կրթական ծրագրեր։ Նախագծի նպատակն էր նաև բարձրացնել կրթության որակը, ընդլայնել միջազգային համագործակցությունը և խթանել ուսանողների շարժունությունը՝ ապահովելով մրցունակ և ժամանակակից կրթական միջավայր։

Նախագծի եզրափակիչ համաժողովի պաշտոնական բացմանը ելույթով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Սուսանա Մարտինսը: Նա ողջունեց համաժողովի բոլոր մասնակիցներին և ընդգծեց նախագծի կարևորությունը կրթական համակարգի զարգացման համար։ Նա շնորհավորեց բոլորին նախագծի բարեհաջող ավարտի կապակցությամբ, ընդծելով, որ նախագծի իրականացման ընթացքում եղել են բազմաթիվ դժվարություններ, իսկ այսօր արդեն ուրախությամբ կարող են արձանագրել, որ հաջողությամբ հասել են այս կարևոր փուլին, երբ առկա են տեսանելի արդյունքներ և ձևավորվել են զարգացման նոր հնարավորություններ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը՝ ընդգծելով միջազգային համագործակցության նշանակությունը բարձրագույն կրթության արդիականացման գործում։ Նա նշեց, որ Եվրոպական և հայաստանյան գործընկեր բուհերի համատեղ աշխատանքի շնորհիվ մշակվել և արդեն իրականացվում են նոր մագիստրոսական ծրագրեր, որոնք ապահովում են միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից կրթություն։ Այդ ծրագրերը նպատակ ունեն պատրաստել մասնագետներ, որոնք կարող են արդյունավետ արձագանքել բնապահպանական, տեխնոլոգիական և տնտեսական մարտահրավերներին՝ դառնալով գիտելիքով զինված և պատասխանատու առաջնորդներ իրենց ոլորտներում։

Համաժողովի շրջանակում ԵՄ գործընկեր բուհերի ներկայացուցիչները շրջայցեր կատարեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, Երևանի պետական համալսարանում, Հայաստանի Պոլիտեխնիկական Ազգային համալսարանում, որտեղ ծանոթացան այդ համալսարանների ֆակուլտետներին, ժամանակակից լաբորատորիաներին և նորարարական կենտրոններին։ Կազմակերպվեցին հանդիպումներ ուսանողական խմբերի և ակադեմիական համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ներկայացվեցին նախագծի շրջանակում իրականացված կանաչ և կայուն լուծումները։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև աշխատանքային փաթեթների ղեկավարների հաշվետվությունները, որոնք ընդգրկում էին կարողությունների զարգացման նախաձեռնությունները, կրթության կայուն զարգացման համար ազգային փաստաթղթերի մշակումը, նախագծի որակի ապահովումն ու մշտադիտարկումը, ինչպես նաև նախագծի արդյունքների տարածումը, շահագործումն ու իրազեկման բարձրացումը և այլն։ Նախագծի ընդհանուր կառավարումն իրականացրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Եվրասիա միջազգային համալսարանը նախագծի կառավարման համահամակարգողն էր։

Համաժողովին մասնակցում էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի Բարձրագույն կրթության և գիտության վարչության պետ Անի Վիրաբյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, գործընկեր համալսարանների ռեկտորները, ներկայացուցիչները, ինչպես նաև հայաստանյան հաստատությունների և միջազգային գործընկեր բուհերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչները` տնօրենի գլխավորությամբ, «Էրազմուս» ուսանողական ցանց» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի, Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանի (Լիտվա), Յագելոնյան համալսարանի (Լեհաստան) ներկայացուցիչները։

Համաժողովը դարձավ արդյունավետ հարթակ՝ ներկայացնելու նախագծի շրջանակում ձեռք բերված արդյունքները, ամրապնդելու միջազգային համագործակցությունը և նախանշելու բարձրագույն կրթության հետագա զարգացման ուղիները։ Նախագիծը նշանակալի ներդրում ունեցավ Հայաստանում ժամանակակից, կանաչ և կայուն մագիստրոսական կրթության ձևավորման գործում՝ նպաստելով ապագայի մարտահրավերներին դիմակայելու ունակ նոր սերնդի մասնագետների պատրաստմանը։

24.02.26