(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ՃՇՀԱՀ «ERASMUS+ TACEESM ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

2022 թ. հունվարի 25-ին «Erasmus+TACEESM» նախագծի WP3 աշխատանքային փաթեթի շրջանակում մեկնարկեց քառօրյա աշխատաժողով: Այն կազմակերպվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) կողմից՝ նախագծի գործընկեր բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ (առցանց և առկա ձևաչափով)։ Աշխատաժողովին մասնակցելու համար Երևան էին ժամանել եվրոպական գործընկեր հաստատությունների տասը ներկայացուցիչներ տարբեր երկրներից, մասնավորապես՝ Բոսնիա և Հերցեգովինայից (Միջազգային Բուրչի համալսարան (ՄԲՀ), Մոստարի Ջեմալ Բիեդիչի համալսարան (ՋԲՀ), «CUBE Design» ՍՊԸ), Իսպանիայից (Մալագայի համալսարան (ՄՀ)) և Սլովենիայից (Մարիբորի համալսարան (ՄՀ)):

2022 թ. հունվարի 27-ին նախագծի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալեց Կոնսորցիումի պատվիրակությանը: ՃՇՀԱՀ-ի կողմից միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Եդոյանը, կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Գ. Ստեփանյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Ա. Շատվորյանը ջերմորեն ողջունեցին հյուրերին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք աշխատաժողովի ընթացքում։ Պարոն Եդոյանը վստահեցրեց, որ «Erasmus+» «Ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության կրթության վերափոխումը կայուն մոդելի» (TACEESM) նախագծի իրականացումը՝ ժամանակակից եվրոպական չափանիշներին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, կնպաստի ՃՇՀԱՀ ճարտարապետության և շինարարության ուսումնական ծրագրերի զգալի արդիականացմանը: Պարոն Շատվորյանն ընդգծեց այս նախագծի կարևորությունը Ճարտարապետության ֆակուլտետի համար: Հանդիպմանն իրենց մասնակցությունն ունեցան նաև դասախոսներ Նանար Քալանթարյանը, Էլվիրա Հակոբյանը, Արմեն Մինասյանը, Տիգրան Խաչիյանը, Աշոտ Մխիթարյանը, որոնք նախագծի շրջանակում մշակել էին նոր դասընթացների առարկայական ծրագրերը: Տեղեկատվության տարածման պատասխանատու Լուսինե Հարությունյանը հակիրճ անդրադարձավ ծրագրի շրջանակում իր գործառույթներին, իսկ Իրինա Վանյանը ներկայացրեց «TACEESM» նախագծում ՃՇՀԱՀ թիմի մյուս անդամների՝ Անգին Մարտիրոսյանի, Մադլենա Իգիթխանյանի, Սիրանուշ Հովհաննիսյանի և Տաթև Բարխոյանի գործառույթները։

Հանդիպման մասնակիցներին ցուցադրվեց ՃՇՀԱՀ-ի մասին պատմող տեսաֆիլմը։ «TACEESM» նախագծի որակի ապահովման խորհրդի անդամ Իրինա Վանյանը հակիրճ ներկայացրեց ՃՇՀԱՀ պատմության, ղեկավարության, ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, կրկնակի որակավորմամբ կրթական ծրագրերի, միջազգային համագործակցության և անդամակցության,

ինչպես նաև համավարակից առաջ և դրա ընթացքում ուսանողական կյանքի մասին տեղեկատվություն։

Հանդիպման ավարտին օտարերկրյա հյուրերին նվիրեցին հայկական ձեռագործ տիկնիկներ: Հյուրերի համար իրականացվեց կարճատև շրջայց՝ բացահայտելու ՃՇՀԱՀ կրթական միջավայրը: Կարճատև շրջայցի ընթացքում հյուրերին ցուցադրվեցին համալսարանի լաբորատորիաները, արհեստանոցները և լսարանները։

03.02.22