(010) 303-300

ԴԻԶԱՅՆԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

ՃՇՀԱՀ Դիզայնի ֆակուլտետի և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կնքված երկկողմ հուշագրի շրջանակներում Գրաֆիկական դիզայն մասնագիտության ուսանողները այցելեցին ՀՀ Կենտրոնական բանկ: Ուսանողները եղան այցելությունների կենտրոնում, որտեղ ստատիկ, թեմատիկ և ինտերակտիվ ցուցադրությունների միջոցով ծանոթացան ազգային դրամաշրջանառության պատմությանը՝ սկսած մ.թ.ա. III-րդ դարից մինչև մեր օրեր, ինչպես նաև ժամանակակից հայկական դրամի ստեղծման տեխնոլոգիական առանձնահատկություններին և մասնագիտական հմտություններին: Ուսանողները եղան նաև դրամանիշերի ստուգման լաբորատորիայում, որտեղ ինտերակտիվ ցուցադրության միջոցով ներկայացվեց դրամի պաշտպանական հատկանիշները:

Ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու Կենտրոնական բանկի կողմից թողարկված ժամանակակից հուշադրամներին, որոնք, ինչպես կանոն, պատրաստվում են թանկարժեք մետաղներից և նվիրված են երկրի ազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքներին: Ծանոթացումը հուշադրամներին հատուկ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների շրջանում, քանի որ ներկա գտնվող ուսանողները ՃՇՀԱՀ Դիզայնի ֆակուլտետի կողմից իրենց մասնակցությունն էին ունեցել Կենտրոնական բանկի կողմից հայտարարված հուշադրամների էսքիզների մրցույթին: Կենտրոնին կից կինոսրահում մասնակիցները դիտեցին թեմատիկ տեսահոլովակ՝ նվիրված ժամանակակից հայկական թղթադրամի ստեղծման գործընթացին:

Հանդիպմանը ներկա էին Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը, Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանը, ինչպես նաև դասախոսներ Թամարա Թույսուզյանը և Անի Աճառյանը:

Այցի ավարտին Կենտրոնական բանկի կողմից բոլոր մասնակիցներին հանձնվեցին հուշանվերներ:

01.12.23