Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 4-րդ հարկի ցուցասրահում իրականացավ Դիզայնի ֆակուլտետի ուսանողական աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին «Կերպարային գրաֆիկա» դասընթացի շրջանակում արված ուսանողների աշխատանքները:
Ցուցահանդեսը մեկնարկեց Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանի ողջույնի խոսքով: Վերջինս նշեց. «Ցուցահանդեսը շատ կարևոր նշանակություն ունի գրաֆիկական դիզայն կրթական ծրագրի համար: Առարկան հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ կերպարային գրաֆիկայի գծով բավականին կայուն մասնագիտական գիտելիքներ: Մեր ցուցահանդեսները, որոնք անընդմեջ իրականանում են հիմնականում մասնագիտական առարկաների գծով, փաստորեն ստուգատես է ամեն մի առարկայի գործնական դրվածքի, ծրագրային ճշտության, դժվարությունների հաղթահարման նոր քայլեր մշակելու համար»:
Ցուցասրահում ներկայացված էին 3-րդ կուրսի 3 խմբերի շուրջ 35 սովորողների լավագույն աշխատանքները: Աշխատանքները հետագայում անիմացիոն ծրագրերի միջոցով կդառնան կարճամետրաժ ֆիլմեր, իսկ արդեն ավարտական աշխատանքներում կլինեն ներկայացված առավել պրոֆեսիոնալ տարբերակներով:
Ցուցահանդեսը ուներ յուրահատուկ ձևաչափ՝ հաղթողին ընտրելու էր հանդիսատեսը: Այդ նպատակով բոլոր ներկաներին բաժանվեցին ամրակներ՝ իրենց ամենաշատ հավանած աշխատանքին ամրացնելու համար:
Հաղթողները որոշվելու էին «Լավագույն կատարում» և «Լավագույն գաղափար» անվանակարգերում: Սակայն հանդիսատեսի ընտրությամբ երկու անվանակարգերում էլ հաղթող ճանաչվեց 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Մկրտչյանը: