(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԴԻԶԱՅՆԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ «LAVIE» ԱՄՍԱԳՐԻ ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԷՋԵՐՈՒՄ

Ֆրանսիական հայտնի «LaVie» ամսագրի հատուկ թողարկման շրջանակում անդրադարձ է կատարվել ՃՇՀԱՀ Դիզայնի ֆակուլտետի սաների աշխատանքներին։ Ներկայացվել են ֆակուլտետի շրջանավարտներ՝ Նազենի Հակոբջանյանի, Մարի Թորգոմյանի, Վահան Մաթոսյանի կողմից կատարված հայկական մանրանկարչական նախշերի թվային (վեկտորային) վերականգման աշխատանքները, որոնք իրականացվել են «Ծրագրային փաթեթներ» (Adobe Photoshop, Adobe Illustrator) դասընթացի շրջանակում Դիզայնի ամբիոնի դասախոսներ Արես Հովհաննեսյանի, Մարիա Խաչատրյանի և Արմենուհի Ալեքսանյանի ղեկավարությամբ։

Վերոհիշյալ ամսագրի տվյալ համարն ամբողջությամբ նվիրված է Հայաստանի մշակույթին և պատմական իրադարձություններին։ Ամսագրում առանձին էջեր են հատկացված հայկական մանրանկարչական զարդանախշերի լուսաբանման համար՝ համապատասխան պատմական տվյալներով, թվային վերարտադրություն իրականացրած հեղինակների և համալսարանի վերաբերյալ տեղեկատվությամբ։

Ներկայացված մանրանկարչական զարդանախշերի շրջանակներում տեղ են գտել այնպիսի հայտնի նմուշներ, ինչպիսիք են Կիլիկյան մանրանկարչական դպրոցի ծաղկողների անձեռակերտ օրինակները, որոնք հանդիսանում են հայկական պատմական մշակույթի վկաները և առանձնակի կարևորություն ունեն միջազգային ճանաչման և տարածման համար։ Դրանց թվային վերականգնումը բազմաթիվ հնարավորություններ կարող է ստեղծել ավանդական մշակութային արժեքները ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով արդիական դարձնելու և դրանք նորովի կիրառելու համար։

13.03.24