Դեպի Լոռի միշտ, կարծես, Թումանյանի կանչով ես ուղևորվում. Անուշին ու Սարոյին մի փոքր ավելի լավ ճանաչելու, թումանյանական քառյակների մասին մտորելու: Թեպետ այս օրերին ամբողջ աշխարհում պտտվում է #Թումանյան150-ը, բայց այս անգամ Ամենայն Հայոց բանաստեղծի բնօրրան գնալու նպատակն այլ էր:
Այլ էր, բայց Թումանյանի «թույլտվությամբ»: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանի, Դիզայն ֆակուլտետի դասախոս Տարոն Ալեքսանյանի, Շրջանավարտների ու Կարիերայի կենտրոնի ղեկավար Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ՝ մի խումբ ճարտարապետ ու դիզայներ ուսանողներ, շաբաթ առավոտյան բռնեցին դեպի Լոռի տանող ճանապարհը:
Մինչև նպատակակետի մասին խոսելը, նախ՝ առաջին կանգառի մասին: Թումանյանի տուն-թանգարանն էր. ասմունք, հիշողություններ, մի խոսքով, Թումանյանով օծված շարժվեցինք դեպի Դեբետ համայնքի ՔՈԱՖ Սմարթ կենտրոն:
ՔՈԱՖ Հայաստանի մանուկների հիմնադրամի առաջարկած ծրագրերն առնչվում են կրթությանը, տնտեսական զարգացմանը՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, պատանիների ու մեծերի համար նախատեսված արհեստագործական ու մասնագիտական դասընթացները, սպորտն ու ֆիթնեսը, առողջապահությունը, երեխայի զարգացումն ու մեդիագրագիտությունը։ Ծրագրերն ընդգրկում են հստակ կազմավորված ամենօրյա դասընթացներ, որոնք վերաբերում են գիտությանը, բլոկչեյնին, ռոբոտիկային, ծրագրավորմանն ու կոդավորմանը, անգլերեն լեզվին, թատրոնին, երաժշտությանն ու պարին, գյուղատնտեսությանը, արվեստին, վեբ դիզայնին ու գրաֆիկական դիզայնին, հավելվածների մշակմանը։ Թեմաներ, որոնք կօգնեն աշակերտներին տեխնոլոգիայի բնագավառում կարիերա կառուցել։
Մեր համալսարանի ծանոթությունը ՔՈԱՖ-ի հետ կազմակերպել էր կենտրոնի գործընկերությունների և միջոցառումների կազմակերպման ղեկավար Իրինա Իգիթխանյանը: Նա նաև հոգացել էր հանրահայտ «Արդեան» ընկերության գործունեությանն ու արտադրանքին ծանոթանալու մասին: Համալսարանական խմբի հետ էր ընկերության ղեկավար, ամերիկահայ ճարտարապետ Վազգեն Բրուտյանը, ով պատմեց «Արդեան»-ի՝ հայկական զարդանախշերի և գրությունների համադրությամբ նորաոճ ու ինքնատիպ կիրառական իրերի ստեղծման գաղափարի ու նպատակի մասին:
Հոյակերտ և ճարտարապետական ինքնատիպ լուծումներով ՔՈԱՖ կենտրոնում երեխաներն իրենց լայն հետաքրքրություններն են բավարարում՝ սկսած 3 տարեկանից: Լոռու և Տավուշի մարզերի յոթ համայնքներում տեղակայված ՔՈԱՖ Սմարթ սենյակները երեխաներին ոչ միայն Սմարթ ծրագրերից օգտվելու հնարավորություն են տալիս, այլև՝ սահմանամերձ գյուղերի երեխաների համար ծառայում որպես ապաստարաններ, որոնք ապահովված են խմելու ջրի, էլեկտրաէներգիայի, լուսավորության ու օդափոխանակման հատուկ լուծումներով։
Ինչպես իրենք են ասում՝ «Մեր տեսլականն է կառուցել էլ ավելի շատ Սմարթ կենտրոններ, որոնք կծառայեն Հայաստանի բոլոր գյուղերին»։
Այդ ծառայության մեջ մեր համալսարանն էլ անպայման կունենա իր մասնակցությունը: Յուրատիպ եռակողմ ծանոթություն և համագործակցության հեռանկար ծնվեց մեր համալսարանի, ՔՈԱՖ Սմարթ կենտրոնի և «Արդեան» ընկերության միջև: Փոխադարձ աշխատանքներով և ծավալած գործունեությամբ հիացած՝ կողմերը պայմանավորվեցին հաճախակի դարձնել փոխադարձ այցերը, վարպետության դասեր անցկացնել և կիսել փորձն ու գիտելիքները նոր սերնդի հետ: