Այսօր մեր համալսարանում նկարների ու քանդակների շքերթ էր. գույներ ու ձևեր: Ցուցահանդեսը մեր շենքի պատերի ներքո, գրեթե, մշտական բնույթ է կրում: Այս անգամ, սակայն, այն յուրատեսակ էր ու բացառիկ: Այցելուների դատին՝ դասախոսների աշխատանքներն էին:
Բացվեց Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Նպատակը մեկն էր՝ ամրապնդել դասախոս-ուսանող երկխոսությունը, բայց ազդեցությունն ու նշանակությունը՝ բազմակի: Ուսանողների հիացական ու հպարտ հայացքները փաստում էին, որ ցուցահանդեսի ասելիքը ներգործել է:
Ողջունելով ներկաներին՝ ռեկտոր Գագիկ Գալստյանը նկատեց, որ այս ցուցահանդեսը ինքնատիպ դասախոսություն է, առավել տեսողական և ուսուցողական: Միջավայր, որում յուրաքանչյյուր ուսանող հնարավորություն ունի իր տեսանկյունից բացահայտել դասախոսին:
«Այս ցուցահանդեսը երկակի նշանակություն ունի», — շեշտեց ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: Տեսնելով դասախոսի աշխատանքը՝ ուսանողի մոտ վստահություն է առաջանում նրա նկատմամբ, խոսքն էլ օրենք է դառնում: Այն, որ միայն տեսական դասախոսությունն արդյունավետ չէ, փաստեց նաև ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանը: Կարևոր է, որպեսզի ուսանողը ճանաչի իր դասախոսին նաև որպես մարդ ու ստեղծագործող:
Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ Գագիկ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, պատմեց ցուցահանդեսի մտահղացման և նշանակության մասին: Գ. Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ նմանատիպ ցուցահանդեսները շարունակական կլինեն:
Արվեստով, նկարների ու քանդակների գույնով ու ձևով թաթախված ճեմասրահը մարդաշատ էր, և, այդքանը միայն բավական էր, որպեսզի դասախոսներն ուսանողների կողմից իրենց գնահատված ու սիրված զգային: