Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով տարբեր բնագավառներում ներդրած ավանդի ու արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով: Նրանց թվում է ՃՇՀԱՀ գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դասախոս, Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Հայկ Թոքմաջյանը: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայկ Թոքմաջյանին պարգևատրել է «Մովսես Խորենացի» մեդալով, որը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների ու սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար:
Ինչպես նշել է ՀՀ նախագահը, տարբեր բնագավառներում կան շատ մարդիկ, որոնք արժանի են պետության կողմից առանձնահատուկ ուշադրության:«Պետությունն ունի որոշակի պարտականություններ, որոնք պետք է կատարի և այդ պարտականություններից մեկն է արժանի քաղաքացիներին պարգևատրել, առանձնահատուկ ներկայացնել հանրությանը, ինչը կարող է հանրության մեջ ոգևորություն առաջացնել»,– ընդգծել է պարոն Խաչատուրյանը:
Նկարիչ, քանդակագործ Հայկ Թոքմաջյանը լայն գործունեություն է ծավալում՝ մասնակցելով բազմաթիվ միջազգային սիմպոզիումների ու ցուցահանդեսների, իրականացնելով նաև գիտահետազոտական արժեքավոր աշխատանքներ: 2005 թ. «Կոմիտասի կիսանդրու հանրապետական մրցույթում» արժանացել է խրախուսական մրցանակի: Նույն թվականին Երևանում անցկացվել է պարոն Թոքմաջյանի անհատական ցուցահանդեսը: Անվանի արվեստագետն ու սիրված դասախոսը հեղինակել է 1994-2000 թթ. Արցախյան ազատամարտի 30-ից ավելի հերոսների դիմաքանդակները Հայ ազատամարտիկների փառքի թանգարանի համար:
Շնորհավորում ենք Հայկ Թոքմաջյանին արժանի պարգևի համար՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ: