(010) 303-300

ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԱՍԵԼԻՔԸ ՇԱՏ ԷՐ, ԱՊԱԳԱ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՀՈՒԶՄՈՒՆՔՆ՝ ԱՆՉԱՓԵԼԻ

«Ճարտարապետությունը մասնագիտություն չէ, երեխեք ջան, այլ մարդու էությունը: Պիտի սիրես այն, որ մարդիկ էլ ընդունեն քո արած գործը»: Ո՞վ կարող էր առավել պատկերավոր ներկայացնել ճարտարապետի մասնագիտությունն ուսանողներին, եթե ոչ՝ Երևանի գլխավոր ճարտարապետը:

Այսօր մեր համալսարան հյուր էր եկել Արթուր Մեսչյանը: Ուսանողների ոգևորությունը նկարագրելն անհնար է, տեսնել էր պետք:

Գլխավոր ճարտարապետին իր ջերմ ողջույնի խոսքն ուղղեց ռեկտոր Գագիկ Գալստյանը՝ նշելով, որ համալսարանն անչափ ուրախ է իր հարկի տակ տեսնել նախկին սանին:

Ուսանողներին հետաքրքրող հարցերը շատ էին ու բազմաբնույթ, Արթուր Մեսչյանի պատասխանները՝ սիրով ու սպառիչ: Ապագա ճարտարապետներին, հատկապես, հուզում էին Երևանի կենտրոնի թեթևացումը, շենքերի և շինությունների արտաքին տեսքի պահպանումը, մետրոպոլիտենի նոր կայարանների և ճոպանուղու կառուցումը:

«Մենք պետք է սիրենք մեր քաղաքը, միայն երևանցու սերը կփրկի մեր քաղաքը այլանդակություններից ու անճաշակությունից», — ասաց Արթուր Մեսչյանը՝ պատմելով իր ուսանողական տարիների և անցած ուղու մասին՝ մինչև գլխավոր ճարտարապետ դառնալը. «Իմ գլխավերևում միայն Երևանի հատակագիծն է, չկա ինձ թելադրող՝ լինի դա պաշտոնյա կամ օլիգարխ»:

Հիանալով մեր ուսանողների նախագծերով՝ գլխավոր ճարտարապետը հիշեց իր հայտնի երգի խոսքերը՝ «Ահա և վերջ»՝ դրանով իսկ հորդորելով չնահանջել, չպարտվել և միահամուռ լծվել Երևանն ու մեր երկիրը կառուցելու կարևորագույն գործին:

 

14.02.19