(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԳԷԿ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Քրիստինե Սահակյանը:

Քրիստինե Սահակյանը բնապահպան ճարտարագետի մասնագիտությամբ բակալավրի որակավորում ստացել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, նույն համալսարանում ստացել է նաև ճարտարագիտության մագիստրոսի որակավորում՝ Շրջակա միջավայրի ճարտարագիտական պաշտպանություն մասնագիտությամբ, համանուն բուհի ասպիրանտական բաժնում ստացել է ճարտարագետ հետազոտողի որակավորում «Բնապահպանություն» մասնագիտությամբ, թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է «Ջրային ռեսուրսների պահպանության նպատակով` արդյունաբերական ձեռնարկությունների էկոլոգիական ռիսկի գնահատման մեթոդաբանության մշակում» թեմայով:

Տիկին Սահակյանը գիտական մի շարք հոդվածների, ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ և համահեղինակ է: Մասնակցել է ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային սեմինարների և գիտաժողովների: Ղեկավարել է ազգային և տարածաշրջանային ծրագրեր, այդ թվում. «Աջակցություն պոչամբարների անվտանգության բարելավմանը Հայաստանում և Վրաստանում» տարածաշրջանային ծրագիրը, «Մեկ քայլ առաջ Հայաստանում կանաչ էկոնոմիկայի զարգացման ուղղությամբ. կանաչ աճի ցուցանիշների արտացոլմամբ քարտեզ՝ ՀՀ Սյունիքի մարզի համար», «Աջակցություն արտադրական անվտանգության վերաբերյալ գիտելիքների հարստացմանը ՀՀ բուհերում», «Աջակցություն արդյունաբերական վթարների ազդեցության գոտում գտնվող բնակչության իրազեկության և պատրաստվածության բարձրացմանը» և այլն:

Որպես բնապահպանության ոլորտի մասնագետ իրականացրել և մասնակցել է տարբեր նախագծային փաստաթղթերի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման գործընթացներին: Ներգրավվել է ինչպես ՀՀ տարբեր ենթակառուցվածքների, քաղաքաշինական (դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավում, ճանապարհաշինություն), ջրային (ջրամատակարարում, ջրահեռացում, ոռոգում, ջրամբարաշինություն) և այլ ոլորտային ծրագրերում, այնպես էլ միջազգային ծրագրերում, մասնավորապես՝ «Դանուբի գետավազանում պոչամբարների անվտանգության պայմանները բարելավելու կարողությունների զարգացում- I փուլ. հյուսիս-արևելյան Դանուբի երկրներ», «Հանքարդյունաբերական գործունեության՝ մասնավորապես պոչամբարների անվտանգության բարձրացումը Ղազախստանում և Կենտրոնական Ասիայի սահմաններից դուրս» :

Քրիստինե Սահակյանը ակտիվ գործունեություն է ծավալել ինչպես հասարակական սեկտորում, այնպես էլ պետական կառավարման մարմիններում՝ հանդիսանալով «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» գիտական, էկոլոգիական ՀԿ-ի նախագահ, աշխատելով «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ում, ինչպես նաև 2021-2022թթ. զբաղեցնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության պետի պաշտոնը: Հանդիսանում է ՀՀ Գիտության ազգային կոմիտեի փորձագետ:

 

07.03.24