(010) 303-300

«ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ» ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ

ՃՇՀԱՀ-ի կողմից ներկայացված «Բնակելի կառուցապատման վերակառուցման և արդիականացման հիմնախնդիրները Երևան քաղաքում» գիտական թեման հաղթող է ճանաչվել և ֆինանսավորվել Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում հայտարարված մրցույթում: Գիտական թեմայի ղեկավարն է Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության դոկտոր Կարեն Ազատյանը, թիմի անդամներն են Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու,պրոֆեսոր Կարեն Ռաշիդյանցը, ՃՇՀԱՀ կրտսեր գիտաշխատողներ Մարիամ Քոչարյանն ու Անուշ Օհանյանը։

Մեզ հետ զրույցում գիտական թեմայի ղեկավար Կ. Ազատյանը հիմնավորեց թեմայի արդիականությունը թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության հիմնախնդիրների համատեքստում ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև ողջ հանրապետության համար։ Երևանի կառուցապատման ստվար հատվածն իրականացվել է սեյսմիկ տեսանկյունից նորմատիվային այլ պահանջների դիտարկմամբ: Ժամանակների փոփոխությունը ի հայտ է բերում այլ պահանջներ ու նպատակներ:

Թիմի անդամ Կ. Ռաշիդյանցը ևս ընդգծեց թեմայի կարևորությունը: Պատերազմները, համաճարակներն ու այլ աղետները շարունակաբար խլում են բազմաթիվ մարդկային կյանքեր: 1988 թ. երկրաշարժը խլեց ավելի քան 25.000 մարդու կյանք, ինչն ակնհայտ դարձրեց, որ մեր հանրապետության ոչ բոլոր կառույցներն են համապատասխանում կառուցապատման համապատասխան պահանջներին: Բնակելի կառուցապատումը կարիք ունի մշտապես վերակառուցման ու արդիականացման, ինչն էլ իրականացվում է շարունակական հետազոտման, վերլուծության և զարգացման հեռանկարների կանխորոշման սկզբունքով: Չնայած ոլորտում առկա միջազգային և տեղական բազմաթիվ գիտական հետազոտություններին՝ Երևանի բնակելի կառուցապատման ներկա վիճակի վերլուծությանը և վերակառուցմանը վերաբերող հետազոտական աշխատանքները բավարար չեն, և հավելյալ ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա։

Կ. Ազատյանն ընդգծեց, որ թեմայի իրականացումը կենտրոնանալու է վերոնշյալ հիմնախնդրի լուծման ռազմավարության մշակման վրա։ Թեմայի նպատակն է կատարել բնակելի կառուցապատման վերակառուցման, արդիականացման միջազգային ու տեղական փորձի համեմատական վերլուծություն՝ մշակելով Երևանում տվյալ գործընթացի հետագա զարգացմանն ուղղված, գիտականորեն հիմնավորված և կիրառական նշանակության առաջարկներ։

«Նշված առաջարկները հետագայում հնարավոր կլինի ներդնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող քաղաքաշինական գործընթացներում՝ կոնստրուկտիվ միջոցառումների իրականացմամբ բնակելի շենքերը դարձնելով պակաս խոցելի և ամրակայուն: Ստացվող արդյունքները կարող են կիրառվել նաև հանրապետության և օտարերկրյա այլ քաղաքներում իրականացվող բնակելի կառուցապատման վերակազմավորման գործընթացներում»,- նշեց Կ. Ռաշիդյանցը։ Միչև թեման Գիտության կոմիտեին ներկայացնելը երկարատև քննարկման փուլ է անցել ամբիոնում: Գիտական թեման իրականացնող խմբի անդամները համալսարանական միջոցառումների ընթացքում մանրամասն ծանոթացել են բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցապատման արդիականացման խնդիրներին, իրականացրել են բազմաթիվ նախագծեր փորձառու ճարտարապետների ու կոնստրուկտորների հետ: Նրանց հավաստմամբ իրականացվող աշխատանքների ռազմավարությունը հիմք կծառայի հետազոտության կատարման համար՝ ուրվագծելով համապատասխան ուղղությունները: Ընտրվել է համագործակցային աշխատանքի մոդել:

Թիմում ընդգրկված են ոլորտի երկար տարիների փորձ ունեցող մասնագետ, գիտական ակտիվ գործունեություն ծավալող փորձառու մասնագետ և գիտության ոլորտ նոր մուտք գործող երկու հայցորդներ, որոնց ատենախոսությունների թեմաները նշված գիտական թեմայի մի մասն են կազմում: Ինչպես նշեցին թիմում ընդգրկված երիտասարդ գիտաշխատողներ Մ. Քոչարյանն ու Ա. Օհանյանը, մեծ ոգևորությամբ արդեն մեկնարկել են աշխատանքները, պատկերացնում են իրենց առջև դրված խնդիրները, անցկացնում են համագործակցային հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ և լիահույս են, որ թիմային աշխատանքը անպայմանորեն կամրագրվի կիրառական ու առանցքային արդյունքներով

13.12.21