Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ՝ «Խախտելով դիզայնի իներցիան․ միջդիսցիպլինար ճանապարհորդություն» խորագրով 3-օրյա աշխատարանը: Միջոցառման նպատակն էր, որպեսզի Ճարտարապետության և Դիզայնի ֆակուլտետների ուսանողները ուսումնասիրեն նախագծման այլընտրանքային մեթոդաբանության կիրառման հնարավորությունները և գործնական դասընթացի միջոցով ցույց տան միջառարկայական կապերի կիրառությունը։
Աշխատարանը վարեց ճարտարապետ, նորաձևության դիզայներ Վիկեն Դերդերյանը։
Հանդիպման սկզբում Բաց ստուդիայի համահիմնադիր, դիզայնի ֆակուլտետի դասախոս Լիլիթ Ումեդյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարությանը՝ «բաց ստուդիա»-ին նման հնարավորություն տալու և աջակցելու համար, նշելով, որ իրականացվել են արդեն 20-ից ավելի համատեղ դասախոսություններ և վարպետության դասեր։ Տիկին Ումեդյանը շնորհակալություն հայտնեց նաև Ուսանողական խորհրդին՝ բոլոր կազմակերպչական հարցերում օժանդակելու համար։
Աշխատարանի երեք օրերի ընթացքում Վիկեն Դերդերյանը ցույց տվեց ճարտարապետության, դիզայնի միջառարկայական խորը կապերը, որոնք իրենց ուրույն արտահայտումներն են գտել նրա աշխատանքների մեջ։ Գործնական աշխատանքի միջոցով, ստեղծագործական հետաքրքիր մեթոդաբանություն կիրառելով՝ ուսանողները դուրս բերեցին պարոն Դերդերյանի կողմից առաջարկված գաղափարների հավաքագրման գործընթացը և խոսեցին ոգեշնչման աղբյուրների մասին։
Աշխատարանի երեք օրերն անցան անմիջական և ջերմ մթնոլորտում, ուսանողները հնարավորություն ունեցան ցույց տալու սեփական աշխատանքները: Պարոն Դերդերյանը սիրով պատասխանեց բոլոր հարցերին և արժեքավոր խորհուրդներ տվեց ապագա մասնագետներին։