(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲԱՑՎԵՑ ՄԵԾ ՀԱՅԱՍԵՐ ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍԻ ՀՈՒՇԱՆԿՅՈՒՆԸ

ՙՀայերը երբեք չեն դավաճանել իրենց ինքնությանը. նրանք մեծ ճարտարապետներն են…՚: Լիտվացի արվեստաբան, պատմաբան Յուրգիս Բալտրուշայտիսի անունը մեր համալսարանում վաղուց հարազատ է: Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն այն մարդկանցից էր, ով դեռևս 3 տարի առաջ իր առաքելությունը համարեց դառնալ միջնորդ՝ հայ նոր սերնդի և մեծ հայասեր Բալտրուշայտիսի միջև: Նախ՝ 2015թ-ին, դեսպանի ջանքերով ու նախաձեռնությամբ, տեղի ունեցավ ՙՋուղան Արաքս գետի ափին և նրա հուշակոթողները՚ գրքի շնորհանդեսը, հետո արդեն, ՙՊետրոս Ալոյան՚ հիմնադրամի հովանավորությամբ, որոշվեց նաև, որ հայ-լիտվական բարեկամության ու համագործակցության մեջ իրենց ակտիվ դերակատարումը պիտի ունենան նաև ուսանողները՝ մեր համալսարանի ուսանողները:   Այդպիսով՝ սահմանվեց Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակ՝ պատմաճարտարապետական ժառանգության պահպանության անվանակարգում լավագույն ուսանողական աշխատանքի համար: Նախաձեռնությունը հաջողությամբ կյանքի կոչվեց և առաջին մրցանակակիրը՝ Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Շողեր Խաչատրյանն արժանացավ խոշոր պարգևի: Մրցույթը շարունակական է, և առաջիկա 5 տարիներին նույնպես ՙՊետրոս Ալոյան՚ հիմնադրամը դրամական մրցանակը կշնորհի լավագույն ուսանողին:

Այս տարիներին հիմնված և արդեն ամրապնդված բարեկամությունը թերի կլիներ, եթե Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ղեկավարությունը չորոշեր՝ ի նշան երախտիքի, յուրատեսակ վերաբերմունք ցուցաբերել մեծ հայասերին և իր ստեղծագործական կյանքի զգալի մասը հայ ժողովրդի մշակույթին ու ճարտարապետական ժառանգությանը նվիրած մարդուն:

Այսօր՝ մեր համալսարանի Ճարտարապետական արվեստանոցում բացվեց Յուրգիս Բալտրուշայտիսի հուշանկյունը, որտեղ նրա՝ հայկական խաչքարերին ու ճարտարապետությանը նվիրված աշխատություններն են, նրա կյանքն ու գործունեությունը ներկայացնող դրվագները:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ՀՀ Մարդու իրավունքնեի պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ-ում Լիտվայի, Չեխիայի, Ճապոնիայի, Ղազախստանի, Վրաստանի, Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանները, սրբազան հայրեր, ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Իր ողջույնի խոսքում՝ ռեկտոր Գալստյանը շեշտադրեց, հատկապես, հայ-լիտվական հարաբերությունների մեջ Յուրգիս Բալտրուշայտիսի ծանրակշիռ ներդրումը՝ հայկական ճարտարապետության հետազոտման ու պահպանման ոլորտում: Ռեկտորը նշեց, որ Ճարտարապետական արվեստանոցում բացված հուշանկյունը մեծ արվեստաբանին կդարձի մեր համալսարանի հավերժ բարեկամն ու անդամը, իսկ ուսանողներն ու դասախոսները հնարավորություն կունենան ծանոթանալ նրա թողած ժառանգությանը:

Ներկաներին ողջունեց նաև ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Նա իր շնորհակալությունը հայտնելով մեր համալսարանի ղեկավարությանը՝ մեջբերեց Յուրգիս Բալտրուշայտիսի որդու խոսքերը, ով փոխանցել էր, որ մի օր անպայման գալու է Հայաստան, երկիր, որը հոր սիրտն էր:

Յուրգիս Բալտրուշայտիսի մասին ավելի պատկերավոր խոսեցին վավերագրական կադրերը, որոնցում հաստատվում էր նրա սերն ու հետաքրքրությունն առ Հայաստան, առ հայկական ճարտարապետություն:

Մարդաշատ էր նաև Ճարտարապետական արվեստանոցը, որտեղ մեծ հանդիսությամբ բացվեց Յուրգիս Բալտրուշայտիսի հուշանկյունը: Արվեստաբանին նվիրված օրն այսքանով չամփոփվեց. ներկաներին Օդետա Ժուկաուսկիենեն ներկայացրեց դասախոսություն՝ ՙՅուրգիս Բալտրուշայտիսի համեմատական ուսումնասիրությունները՚ թեմայով:

Ուրախ եմ Ձեզ ողջունել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Հայաստանում Լիտվայի դեսպանության հետ մեր բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի: Դրա առաջին դրսևորումն էր հարգարժան դեսպան Էրիկաս Պետրիկասի ջանքերով ու նախաձեռնությամբ 2015թ-ին տեղի ունեցած ՙՋուղան Արաքս գետի ափին և նրա հուշակոթողները՚ գրքի շնորհանդեսը:

Արդեն իսկ ամուր հիմքերի վրա դրված մեր բարեկամության ու համագործակցության արդյունքում՝ ծնվեց մեծարգո դեսպանի հաջորդ նախաձեռնությունը, որի շահառուներն այս անգամ ուսանողներն էին: ՙՊետրոս Ալոյան՚ հիմնադրամի հովանավորությամբ սահմանվեց պատմաբան, արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակ՝ պատմաճարտարապետական ժառանգության պահպանության անվանակարգում լավագույն ուսանողական աշխատանքի համար: Նախաձեռնությունը կյանքի կոչվեց և արդեն իսկ ունենք առաջին մրցանակակրին՝ Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Շողեր Խաչատրյանը:

Հարգարժան հւյուրեր.

Այսօր, հաշվի առնելով հայ-լիտվական սերտ հարաբերությունները և Յուրգիս Բալտրուշայտիսի ծանրակշիռ ներդրումը հայկական ճարտարապետության հետազոտման ու պահպանման ոլորտում, որոշեցինք մեր համալսարանի արվեստանոցներից մեկը հատկացնել նրա կյանքն ու գործխունեությունը ներկայացնող ցուցանմուշներին:

Այսպիսով՝ մեծ արվեստաբանն ու պատմաբանը կդառնա մեր համալսարանի հավերժ բարեկամն ու անդամը, իսկ ուսանողներն ու դասախոսները հնարավորություն կունենան ծանոթանալ մեծ լիտվացի և հայասեր Բալտրուշայտիսի թողած ժառանգությանը:

 

07.03.18