Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել և պետական բարձրագույն պարգևների է արժանացրել շինարարության ոլորտի մի խումբ գիտնականների և պատասխանատուների, ովքեր իրենց անգնահատելի ավանդն են ունեցել Արցախի Հանրապետութան ջրային համակարգերի արդիականացման, դրանց տեխնիկական վիճակի գնահատման, ջրային պաշարների արդոունավետ օգտագործման ոլորտում, մասնավորապես Ստեփանակերտ քաղաքի մշտական և հուսալի ջրամատակարարման համակարգի նախագծի մշակման ու դրա իրականացման գործում:
Հանդիպմանը, հրավիրյալների թվում, բացի պաշտոնատար անձանցից, ներկա են եղել նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Հիդրավլիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը և Հիդրավլիկայի ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Արեստակ Սարուխանյանը:
ԱՀ Նախագահի հրամանագրով՝ Ստեփանակերտ և Մարտունի քաղաքների ջրամատակարարման համակարգերի վերակառուցման արդյունավետ և հուսալի լուծումներ առաջադրելու, ԱՀ-ում առկա ջրամբարների և ջրաjին համակարգերի տեխնիկական վիճակի հետազոտման և դրանց անվտանգ շահագործման կանոնակարգերի մշակման համար՝ պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը պարգևատրվել է ՙԱնանիա Շիրակացի՚ մեդալով, իսկ պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանը՝ ՙՄեսրոպ Մաշտոց՚ շքանշանով:
Մեզ հետ զրույցում, հետադարձ հայացք գցելով անցած տարիների կարևորագույն իրադարձություններին և կատարված աշխատանքներին, պրոֆեսոր Սարուխանյանը հիշում է՝ երբ 2008թ-ին Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի վերակառուցման խնդիր դրվեց, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը դիմեց ներկայիս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին՝ այդ կարևոր, կենսական խնդրին ինժեներական լուծումներ առաջարկելու գործում աջակից լինելու համար: ՙԱյցելություններ կատարեցինք, ուսումնասիրեցինք տեղանքը և համաձայնեցինք նախագծային աշխատանքներն իրականացնել համալսարանի ուժերով, ինչը, սակայն, չափազանց բարդ էր և համալսարանը դեռևս նման ծավալի աշխատանքների հնարավորություններ չուներ՚, — նշում է Ա. Սարուխանյանը՝ անմիջապես հավելելով, որ, գիտակցելով հարցի կարևորությունն ու հրատապությունը, կարողացան հավաքագրել համալսարանի մասնագետներին և ուսանողներին, ներդնելով բոլոր ջանքերն ու հոգևոր կարողությունները, կարողացան իրականացնել կենսական այդ կարևոր խնդրի լուծումը:
Պրոֆեսոր Մարգարյանը համեստորեն նշում է. ՙԹող ինքնագովասանք չհնչի, բայց Ստեփանակերտը շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելը հանդիսանում է մեր համալսարանի պատմության փառահեղ էջերից: Կարծիք կար տարածված, որ այդ խնդիրն անուծելի է քաղաքի ջրամատակարարման նախկին համակարգի ունեցած մակերևութային և ստորերկրյա ջրերի հաշվին: Այլ կազմակերպության կողմից առաջարկություն կար՝ մակերևութային ջրերը կուտակող ջրամբարի կառուցմամբ իրականացնել քաղաքի ջրամատակարարումը: Մեր մասնագետների կողմից կատարված հաշվարկներով հաստատվեց, որ քաղաքի ջրամատարկարարման գոյություն ունեցող համակարգի հիմնովին վերակառուցման միջոցով հնարավոր է իրականացնել քաղաքի շուրջօրյա ջրամատակարարում՝ նկատի ունենալով նաև քաղաքի բնակչության հետագա աճը: Որոշվեց ջրամատակարարման նախկին համակարգի մեխանիկական մղման տարրերը փոխարինել ինքնահոս սնման ռեժիմով՚:
Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքը վստահված էր մեր համալսարանի մասնագետներին: Այստեղ Ա. Սարուխանյանն առանձնահատուկ կերպով է ընդգծում պրոֆեսոր Ռազմիկ Փետևոտյանի մասնակցությունը, ում մասնագիտական գիտելիքներն ու կարողություններն անգնահատելի դեր են ունեցել նախագծի գրագետ և արդյունավետ մշակման գործում: Շուրջ 18 ամիս տևած տքնաջան աշխատանքի արդյունքում ներկայացվեց գրեթե 84 նախագծային փաթեթ: Շինարարական աշխատանքները սկսվեցին, որոնց մեր մասնագետները նույնպես աջակցում էին, և 2011թ-ին, փուլ առ փուլ, բարեհաջող կերպով հանձնվեցին շահագործման:
Ինչպես պատմում է մեր զրուցակիցը, համագործակցությունն այսքանով չավարտվեց: Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի վերակառուցումից հետո, մերոնց վստահվեց նաև Մարտունի քաղաքի ջրամատակարարման աշխատանքները, որոնք նույնպես կատարվեցին մեծ նվիրումով և ծառայում են ժողովրդին առ այսօր:
Այս ամենին հաջորդեց մյուս՝ առավել կարևոր ու պատասխանատու տարեթիվը՝ 2011թ-ը, երբ կրկին մեր համալսարանի թիմին հանձնարարվեց ուսումնասիրել և բացահայտել Արցախում գոյություն ունեցող ջրամբարների տեխնիկական վիճակը. ՙՍա խիստ կարևոր և ծավալուն աշխատանք էր, որը մենք կատարեցինք 2011-2013թթ.-ին: Փորձաքննության ենթարկեցինք Անդրկովկասում ամենաբարձր գրունտային պատվարի՝ Սարսանգի ջրամբարի տեխնիկական վիճակը, 13 հատոր հաշվետվություն և հետազոտությունն ամփոփող1 հատոր ծավալուն սեղմագիր ներկայացրեցինք՚,-նշում է Ա. Սարուխանյանը և հավելում, որ այդ տարիներին կատարվել է շուրջ 40 ջրամբարի հետազոտություն և հանձնվել ի պահոց Արցախի վերադաս կազմակերպությունների:
ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը hամալսարանի ողջ անձնակազմի անունից ռեկտորատի նիստում շնորհավորեց տ.գ.դ., պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանին և տ.գ.դ., պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանին և հիշատակեց այն բոլոր նվիրյալներին, ովքեր իրականացրեցին արդյունավետ աշխատանք և վստահեցրեց, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը շարունակելու է իր ներդրումն ունենալ Արցախի և Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կարևորագույն ոլորտային ծրագրերում։