(010) 303-300

ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում պարգևատրվեց դեկտեմբերի 13-ին անցկացված Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցույթի դափնեկիր, Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Քարամյանը, ում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան մայրավանքի վերականգնման նախագիծը մրցույթի հանձնաժողովի անդամների կողմից ճանաչվել էր լավագույնը:

Նշենք, որ Բալտրուշայտիսի անվան մրցույթի մեկնարկը տրվել է դեռևս 2017թ-ին՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի և «Մեդիամաքս» լրատվական գործակալության համատեղ ջանքերով:

Մրցանակի հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի համահիմնադիր Աննա Ալոյանը, մրցույթի հանձնաժողովի անդամները և պրոռեկտորները:

Համալսարանի ռեկտորը շնորհակալություն հայտնելով ներկաներին ընդգծեց, որ բաձր է գնահատում ամենամյա այս  մրցանակաբաշխությունը, քանի որ այն միտված է ուսանողներին էլ ավելի մոտիվացնել մասնագիտական կատարելագործման և նորացման գործում։ Շնորհավորելով հաղթողին պարոն Վարդանյանը ցանկացավ, որ ուսումնառության տարիների և այս նախագծի ընթացքում ստացած գիտելիքները միայն ու միայն ծառայեն ապագա մասնագիտական վերելքներին և հաջողություններին:

Շնորհավորելով Բալտրուշայտիսի անվան մրցանակակիր Աննային՝ դեսպան Ստանիտե-Տոլոչկիենեն նկատեց, որ ճարտարապետությունն ապագան կերտելու և  անցյալը պահպանելու արվեստ է, և հենց այս համատեքստում էլ կարևորեց այս տարվա մրցույթին ընտրված թեման: Տիկին դեսպանն իր խոսքում հիշատակեց նաև Ջուղայի հայկական հնագույն գերեզմանատան հազարավոր խաչքարերը փաստաթղթավորելու և ուսումնասիրելու գործում Յուրգիս Բալտրուշայտիսի ունեցած ահռելի ավանդի մասին և շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղում ու նրա շրջակայքում այսօր վտանգի առջև կանգնած աուտենտիկ մշակութային ժառանգությունը հսկայական արժեք է ոչ միայն Հայաստանի, այլև Եվրոպայի և մարդկության մշակութային ժառանգության համար և այն պետք է պահպանվի:

Մեր ուսանողուհի Աննա Քարամյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, առանձնահատուկ նշելով իր ղեկավարիներ` Էմմա Հարությունյանին, Արտյոմ Ալոյանին և Գարեգին Եղոյանին  աշխատանքի ընթացքում իրեն օգնելու և մասնագիտական խորհրդատվություններ անցկացնելու համար: 

17.12.20