Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր այցելել «Mercedes-Benz» ընկերության ինտերիերի ավագ դիզայներ, ճարտարապետ-դիզայներ Ավետիք Քալաշյանը, ով նաև մեր համալսարանի շրջանավարտն է: Հանդիպման ընթացքում պարոն Քալաշյանը ներկայացրեց ոգեշնչող պատմություն իր մասնագիտական ուղու մասին՝ ցույց տալով, թե ինչպես է ուսանողական տարիներից ոգեշնչվել ավտոարդյունաբերությամբ և էսքիզներից հասել մինչև իրական արտադրություն:
Քալաշյանը ուսանողների և պրոֆեսարադախոսական անձնակազմի հետ կիսվեց «Fiat» և «Mercedes-Benz» ընկերությունում իր ունեցած փորձով՝ աշխատելով այնպիսի խոշոր ավտոարտադրող քաղաքներում, ինչպիսիք են Միլանը, Թուրինը և այլ: Ավետիք Քալաշյանը հանդիսանում է վերոհիշյալ ընկերությունների կողմից մշակված կոնցեպտ նախագծերի և արտադրված որոշ ավտոմեքենաների համահեղինակ:
Հանդիպման հիմնական թիրախային խումբը Դիզայնի ֆակուլտետի «Արդյունաբերական դիզայն» կրթական ծրագրով սովորող ուսանողները և այդ ոլորտի մասնագետներն էին:
Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը ողջունելով հյուրի այցը համալսարան, ընգդծեց հանդիպման կարևորությունը, որպես մասնագիտական ոգեշնչում, ինչպես ուսանողների, այնպես ել դասախոսների մոտ և շնորհակալություն հայտնեց ՃՇՀԱՀ պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանին՝ հանդիպմանը աջակցելու համար:
Հանդիպման ավարտին պարոն Քալաշյանը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձավ ներկաների բազմաթիվ հարցերին, ինչը քննարկումը դարձրեց ավելի երկարատև և հետաքրքիր՝ ընդգծելով ներկաների մեծ հետաքրքրությունը։