(010) 303-300

ԱՎԱՐՏՎԵՑ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ

Շինարարական ճարտարագիտության ամառային դպրոցը տվեց իր առաջին շրջանավարտներին։ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում «IRD Engineering» ընկերության գործառնական ղեկավար  Ֆաբիո Բուոնոմոն, ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը  և ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիզար Վարդանյանը համալսարանի 8 ուսանողներին շնորհեցին ամառային դպրոցի ավարտական սերտիֆիկատները։

«Շնորհակալ եմ այս ծրագրի հաջող իրականացման համար։ Շինարարական ճարտարագիտության ամառային դպրոցի ստեղծման գաղափարը խանդավառությամբ ընդունվեց մեր ընկերության կողմից։ Այս ծրագիրը շատ լավ հնարավորություն էր մեր մասնագետների փորձը ուսանողներին փոխանցելու համար։ Հաշվի առնելով ամառային դպրոցի հաջողված փորձը նմանատիպ ծրագրերը կլինեն  շարունական ։ Ուրախ եմ, որ իմ համեստ ավանդն եմ ունեցել այս գործընթացում»,- շնորհավորելով ուսանողներին ասաց «IRD Engineering» ընկերության գործառնական ղեկավար Ֆաբիո Բուոնոմոն։

Ամառային դպրոցի նպատակն էր ամրապնդել ուսանողների տեսական գիտելիքները կիրառական հմտություններով  և կարողություններով։ Ծրագրի շրջանակներում ուսանողները աշխատել են ինչպես հայ, այնպես էլ  արտասահմանցի մասնագետների հետ։

«Բարձր եմ գնահատում  նմանօրինակ ծրագրի իրականացումը, հուսով եմ, որ այն կլինի շարունակական։ Շինարարության ոլորտում շինարարի մասնագիտությունը գնալով պահանջարկված է դառնում։ Հորդորում եմ մեր ուսանողներին, որպեսզի ձեռք բերվածով չբավարարվեն և անընդմեջ կատարելագործեն իրենց գիտելիքները», — իր շնորհավորական խոսքում նշեց  ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։

Շնորհավորելով ուսանողներին և ծրագրի մասնակից բոլոր կողմերին իրականացված աշխատանքների համար «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը ընդգծեց, որ Հայաստանում շինարարության ոլորտում աշխատանքները տարեց տարի աճում են երկրաչափական պրոգրեսիայով․ «Ոլորտում պահանջարկը բավարարելու միակ ճանապարհը որակյալ կրթությունն է։ Շինարարական կազմակերպությունները պատրաստ են ներգրավվելու բանիմաց մասնագետների բարձր աշխատավարձով։ Համոզված եմ, որ ամառային դպրոցում ստացած գիտելիքները կտան իրենց դրական արդյունքները»։

«Տեսական և գործնական դասավանդումից անչափ տպավորված ենք։ «IRD Engineering» ընկերության մասնագետները  կիսվեցին մեզ հետ գիտելիքներով՝ ներկայացնելով շինարարության ոլորտում եվրոպական աշխատանքային փորձը և կիրառվող տեխնոլոգիաներն ու նյութերը»,- շնորհակալություն հատնելով «IRD Engineering» ընկերությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը և համալսարանին ասացին ուսանողները և ստացան շինարարական ճարտարագիտության ամառային դպրոցի սերտիֆիկատները։

ՃՇՀԱՀ-ի  ռեկտոր  Եղիազար Վարդանյանը  և  «IRD Engineering» ընկերության գործառնական ղեկավար Ֆաբիո Բուոնոմոն առանձնազրույցում քննարկեցին  համագործակցության հետագա ծրագրերը։ Ամառային դպրոցի  դրական արդյունքները հաշվի առնելով   համաձայնեցին, որ ծրագիրը պետք է լինի շարունակական։ Առանձնազրույցի արդյունքում ՃՇՀԱՀ ռեկտորի առաջարկով որոշում կայացվեց  «IRD Engineering» ընկերության փորձագետների և համալսարանի  դասախոսների հետ  ուսանողների համար պարբերաբար կազմակերպել մասնագիտական բաց դասերի ժամեր։

Շինարարական ճարտարագիտության ամառային դպրոց հիմնվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության, «IRD Engineering» ընկերության և ՃՇՀԱՀ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա։ Ինչպես փաստեց Ֆաբիո Բուոնոմոն ամառային դպրոցը մեր տարածաշրջանում իրենց առաջին փորձն էր արտերկրում, որը անկասկած հաջողված է։

22.09.21