Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Լիեժի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի հետազոտության գծով դեկանի տեղակալ տիկին Կլոդին Հուբարը և նույն համալսարանի նույն ֆակուլտետի Արվեստի, հնէաբանության և ժառանգության ամբիոնի դոցենտ պարոն Պիեր Հալլոն անցկացրեցին վերապատրաստում-սեմինար՝ «Ճարտարապետական կրթության մարտահրավերները հետկորոնավիրուսային համատեքստում» թեմայով:
Եռօրյա վերապատրաստում-սեմինարը կազմակերպվել էր Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում տարածաշրջանային ղեկավարության և Համալսարանական կառավարման ֆրանկոֆոնիայի ինստիտուտի կողմից հայտարարված «Համալսարանական կառավարում և թվային վերափոխում 2021» տարածաշրջանային նախագծի շրջանակներում «Կանխարգելել, մեղմացնել և կառավարել ճգնաժամերի հետևանքները ՃՇՀԱՀ-ում» ծրագիրն իրականացնելու նպատակով։
Հանդիպումների առաջին օրը պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչները ներկայացրեցին ՃՇՀԱՀ փորձառությունը COVID-19 համավարակի պայմաններում, հեռավար կրթության իրականացման ուղղությամբ գլխավոր խոչընդոտները, սկզբնական դժվարությունները, ձեռքբերումները և հաղթահարման ուղիները։
Երկրորդ օրը բանախոսները ներկայացրեցին համավարակի պատճառով առաջացած ճգնաժամի տարբեր փուլերի ազդեցությունները դասավանդման գործընթացի վրա, միևնույն ժամանակ կարճ տեղեկատվություն փոխանցեցին բազմամշակութային քաղաք Լիեժի վերաբերյալ, որն ունի ինչպես հին, այնպես էլ ժամանակակից ճարտարապետական դիմագիծ։
Բանախոսները համակողմ ներկայացրեցին նաև Լիեժի համալսարանի ձեռքբերումները դասավանդման թվային մեթոդների ներդրման ոլորտում, առանցքային էր այն մոտեցումը, որ դասավանդման ժամանակակից թվային մեթոդները ոչ թե գալիս են փոխարինելու դասավանդման ավանդական մեթոդներին այլ լրացնում են դրանց։ Վերապատրաստում-սեմինարի ընթացքում ներկայացվեցին և գործարկվեցին մեծ կիրառություն ունեցող առցանց դասավանդման մի քանի մեթոդներ և հարթակներ, որոնք կարող են օգտագործվել ճարտարապետական կրթության մեջ։
Երրորդ օրը ընթացավ կլոր սեղան ձևաչափով, մասնակիցները ակտիվ քննարկումներով ամփոփեցին վերապատրաստում-սեմինարի աշխատանքները և նշեցին, որ թվային ոլորտում ձեռք բերած գիտելիքները արդյունավետ էին և ցանկություն հայտնեցին մասնակցել նմանատիպ միջոցառումներին։
ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը բարձր գնահատելով կատարված աշխատանքը, նշեց, որ մասնակցիների արձագանքից կարող ենք փաստել, որ միջացառումը ստացված էր և վստահեցրեց, որ Լիեժի համալսարանի հետ կարող ենք համագործակցության նոր ուղիներ մշակել՝ հաշվի առնելով արդեն իսկ ՃՇՀԱՀ-ի ակտիվ ու
արդյունավետ համագործակցության փորձը ֆրանսիական բուհերի և կազմակերպությունների հետ։ Ռեկտորը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանը ի դեմս Ֆրանկոֆոնիայի Երևանի թվայնացված կենտրոնի պատասխանատու Ռուզաննա Ղալթախչյանի, կարևորեց նրա դերը «Համալսարանական կառավարում և թվային վերափոխում 2021» տարածաշրջանային նախագծի շրջանակներում այս վերապատրաստում-սեմինարն իրականացնելու գործում։
Ռեկտոր Ե․ Վարդանյանը տիկին Կլոդին Հուբարին և պարոն Պիեր Հալլոյին հանձնեց շնորհակալագրեր «Ճարտարապետական կրթության մարտահրավերները հետկորոնավիրուսային համատեքստում» թեմայով վերապատրաստում-սեմինարը անցկացնելու համար։
Բելգիացի մասնագետներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ՃՇՀԱՀ-ին ընձեռնված հնարավորության համար, որը թույլ տվեց համավարակից հետո արտաքին հայացքով և քննադատական մոտեցմամբ գնահատել Լիեժի համալսարանի թվային ոլորտում ձեռք բերված փորձի արդյունավետությունը, և ուրախալի էր լսել այն խնդիրների մասին, որոնք բարձրաձայնեցին ձեր մասնագետները։
Ծրագրի մասնակիցները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Լիեժի համալսարանի և Ֆրանկոֆոնիայի Երևանի թվայնացված կենտրոնի կողմից ստացան մասնակցության վկայականներ։