Ապրիլի 15-ին Ճատարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի դահլիճը մարդաշատ էր: Դժվարությամբ հաղթահարելով քառօրյա պատերազմի արհավիրքը՝ դպրոցի սաները բեմում էին՝ ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների շրջանակներում։ Հյուրերի թվում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան՝ Հայաստանի հետ համագործակցության հարցերով կցորդ Ժան Միշել Գասպարյանը, ՃՇՀԱՀ Միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, համալսարանի և դպրոցի աշխատակիցներն ու սաները։
Ներկաները, նախ, մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմի հերոս նահատակների հիշատակը, որից հետո բացման խոսքով ելույթ ունեցան Վ. Եդոյանը և Ժ.Մ. Գասպարյանը: Անդրադառնալով ապրիլի սկզբին ծավալված պատերազմական գործողություններին՝ Ժան Միշել Գասպարյանը նկատեց, որ ՙերգել՝ չի նշանակում, որ ուրախ ենք, այլ այն, որ կյանքը շարունակվում է՚ և հավելեց, որ ամեն գնով պետք է ցույց տանք մեր ուժը, ապրելու և հաղթելու ցանկությունը, ինչի արդյունքն է այսօր իրականացվող միջոցառումը:
Հյուրերը հայ աշակերտների մատուցմամբ վայելեցին ֆրանսիական ինչպես ծանոթ, այնպես էլ անծանոթ երգերը՝ Էդիտ Պիաֆի, Շառլ Ազնավուրի, Զազի երգացանկից։ Հայկական և ֆրանսիական ինչպես էստրադային, այնպես էլ գեղջկական երգերի կատարումով աշակերտները փորձեցին համեմատություններ անցկացնել խնդիրների նկատմամբ հայերի և ֆրանսիացիների վերաբերմունքի ու մեկնաբանման տարբերությունների միջև։
Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանը նշեց, որ միջոցառումն աշակերտներին հեշտությամբ չի տրվել, բայց համախմբվելով, հաղթահարելով հոգեբանական խնդիրները, նրանք որոշել են ցույց տալ հայ ազգի տոկունությունը: Ա. Մարուխյանը հույս հայտնեց, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը կլինի շարունակական և ամուր, իսկ Ժան Միշել Գասպարյանն էլ հավելեց, որ Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակի միջոցառումների շրջանակներում սեպտեմբեր ամսին մեզ հետ կլինի բելգիական ծագմամբ ֆրանսիացի երգչուհի Զազը։