(010) 303-300

Այսօր ջիմ թորոսյանը կդառնար 90 տարեկան

Այսօր հայ ականավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի 90 ամյակն է:

1971-1981թթ-ին լինելով Երևանի գլխավոր ճարտարապետը՝ Ջիմ Թորոսյանը հեղինակել է այնպիսի կառույցներ, որոնք մինչև օրս հանդիսանում են հայկական ճարտարապետության զարդն ու անգնահատելի արժեքը:

Մեծ ճարտարապետի մտքի արգասիքն են Երևանի քաղաքապետարանի նախկին շենքը, Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը՝ վերգետնյա և ստորգետնյա կառույցների համալիրով, Մ. Նալբանդյանի, Ալ. Մյասնիկյանի, Ե. Չարենցի, Վ. Համբարձումյանի, Գյումրիում Ավ. Իսահակյանի արձանները, Վ. Սարոյանի մահարձանը, Մ. Սարյանի, Պ. Սևակի տապանաքարերը, ներկայիս քաղաքապետարանի շենքը՝ մայրաքաղաքի պատմության թանգարանով, Սպիտակի կենտրոնական հրապարակի համալիրը, Սուրբ Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը, Սրտաբանության ԳՀԻ համալիրը և այլն:

Ջ. Թորոսյանը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ է, Ճարտարապետության Միջազգային Ակադեմիայի պրոֆեսոր, Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի Մոսկվայի բաժնի ակադեմիկոս, ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ պատվավոր, Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Իր կյանքի ընթացքում հայ մեծ ճարտարապետը եղել է ԽՍՀՄ-ի և Հայկական ՍՍՀ Պետական պարգևի դափնեկիր, ԽՍՀՄ-ի գեղարվեստի Ակադեմիայի ոսկե մեդալակիր, Համամիութենական ստուգատեսին արժանացել է «Տարվա լավագույն ստեղծագործություն», ՀՀ Անանիա Շիրակացու ոսկե մեդալների։ 2006, 2009թթ-ին պարգևատրվել է ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի հուշամեդալով ու մրցանակով:

Երևանի ու Սպիտակի պատվավոր քաղաքացի է:

Ջիմ Թորոսյանը ծնվել է 1926թ-ի ապրիլի 18-ին՝ Երևանում: 1949թ-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1954թ-ին՝ Մոսկվայի ԽՍՀՄ-ի Ճարտարապետության ակադեմիան: 1962-1964թթ-ին եղել է ՀՃՄ վարչության նախագահի տեղակալ, 1958 թ-ից՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։ 1957թ-ից Հայաստանի Ճարտարապետների միության անդամ է։ Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են ճարտարապետության միջազգային կոնգրեսներում՝  Բարսելոնում, Սոֆիայում, Վենետիկում և այլուր։

Ջիմ Թորոսյանը մահացել է 2014թ-ի հունվարի 5-ին՝ Երևանում:

18.04.16