(010) 303-300

ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 145 ԱՄՅԱԿԸ

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ` Կրասնոդար): Եղել է հայ նոր ճարտարապետության հիմնադիրը: 1904թ. ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը: 1917թ. եղել է Ռուսաստանի գեղարվեստական ակադեմիայի խորհրդի նախագահը: 1904-1906թթ հեղինակել է առաջին գործը` Պետերբուրգի Սբ. Կատարինե հայոց եկեղեցու վերակառուցումը (1779թ., ճարտարապետ` Յու.Ֆելտեն): Հետևելով Նիկողայոս Մառի Անիի պեղումներին` 1908թ. նախագծել է Անիի թանգարանը, որը ցավոք չի իրականացվել: 1919թ. տեղափոխվել է Երևան, 1921թ.` Իրան: 1923թ. հրավիրվել է Հայաստան: Եղել է ԺԿԽ գերագույն տեխնիկական բաժնի նախագահը, 1923թ-ից` պետպլանի փոխնախագահը, 1924թ-ից` Հուշարձանների պահպանության կոմիտեի, ապա` Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահը: Հայաստանում նրա ճարտարապետական առաջին գործը խորհրդային քաղաքաշինությունը սկզբնավորող երևույթներից էր` Երևանի գլխավոր հատակագիծը (150 հազար բնակչի համար, հաստատվել է 1924թ.), որի գաղափարները դարձել են ՀՀ մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: 1934թ. սկսել է «Մեծ Երևանի» (500 հազար բնակչի համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ: 1925-33թթ կազմել է Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (այժմ` Գավառ), Ախտայի (այժմ` Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծերը: Նախագծել ու Երևանում կառուցել է` բժշկական ինստիտուտի անատոմիկումը, աստղադիտարանը, ԵԱԱԻ, ԵՊԻ, հանրային գրադարանի շենքերը և այլն: Որպես ճարտարապետության խոշոր վարպետ, ճանաչվել է Երևանի գլխավոր հատակագծով, Երջրէկի, ՀՀ կառավարական տան օպերայի և բալետի թատրոնի և մեծ համերգասրահի շենքերով: Կառավարական տունը և օպերային թատրոնի ու համերգասրահի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների լուծումները, առաջինը` Հանրապետության հրապարակի անսամբլի, երկրորդը` թատրոնի շրջակա տարածության և հիմնական, մայրուղիներից մեկի` Հյուսիսային պողոտայի կառուցապատումը: 1914թ. արժանացել է Ճարտարապետության ակադեմիկոսի, 1926թ.` Հայաստանի ժողովրդական ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: Թամանյանի անունով են կոչվել Երևանում փողոց` հուշարձանով (1974թ.), շինարարական տեխնիկումը (1953թ.), Հայաստանի Ճարտարապետների միության տունը (1978թ.), թանգարան-ինստիտուտը (2001թ.): 2001թ. Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ

16.03.23