(010) 303-300

ԱՄՓՈՓՎԵՑ «ՎԵՐԱՓՈԽԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԾՐԱԳԻՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեց «Վերափոխելով Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգությունը» ծրագիրը:

Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերիկ Հարությունյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունները միջպետական նշանակության ավտոճանապարհների և Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցերի վրա տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Քանի որ միջպետական նշանակության ավտոճանապարհների հետազոտությունների վերաբերյալ մշտադիտարկում և մոնիթորինգը իրականացվել է արդեն, մնացել էր ներկայացնել Երևան քաղաքի մայրուղային փողոցների սև կետերի հայտնաբերումը, իրականացված վերլուծությունը և միջոցառումների առաջարկներ՝ 2019-2023թթ. վերաբերյալ: Արդյունքում անհրաժեշտ էր ներկայացնել հաշվետվություն, որը ներառում էին Երևանի ճանապարհափողոցային ցանցը, նկարագիրը, բնութագրերը և պարամետրերը: Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է նաև Երևան քաղաքի երթևեկության հիմնախնդիրները և ճանապարհատրանսպորտային պատահարները, կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծություն, վտանգավոր տեղամասերի հայտնաբերում, արդյունքում երթևեկության անվտանգության բարձրացման միջոցառումների առաջարկներ են ներկայացվել, ինչպես նաև քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման օրինաչափությունների բացահայտում է կատարվել:

Հանդիպման ավարտին ներկայացվել է նաև Երևանի ճանապարհափողոցային ցանցի զարգացման հեռանկարները և որպես եզրակացություն նշվել՝ ընդհանուր ինչ միջոցառումներ են անհրաժեշտ, որոնք ուղղված են երթևեկության անվտանգության բարելավմանը: Հանդիպմանը ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Ճանապարհային դեպարտամենտից, Պարեկային ծառայությունից, Երևանի քաղաքապետարանից, Նաիրի համայնքից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից և ՃՇՀԱՀ Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնից ներկայացուցիչներ:

18.06.24