Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՑՈՒՐՏ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՋԵՐՄ ՕՐԵՐԻ ՔՐՈՆԻԿԱՆ

Իսկ ո՞վ է ասել, որ ուսանողական ճամբարները հետաքրքիր և ջերմ կարող են լինել միայն ամառային թեժ արևի տակ: Մեր ուսանողները կարողանում են կազմակերպել իրենց ուսումնական, մշակութային ու անմոռանալի հանդիպումներով հագեցած ժամանցը նաև ձմռանը:

Հունվարի 25-28-ը՝ Ծաղկաձորում, առաջին անգամ, անցկացվեց ՃՇՀԱՀ-ի «Երիտասարդ ինժեներների ձմեռային ճամբար»-ը: Եվ, քանի որ ձմեռային ճամբարի օրերը համընկան Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի հետ, մեր համալսարանի 70 ուսանողներից կազմված 8 ջոկատները անվանակոչվեցին արցախյան ազատամարտի ֆիդայական ջոկատների անուններով:

Այս անգամ նույնպես ճամբարականները հանդես եկան ինտելեկտուալ, մշակութային միջոցառումների շրջանակներում, չափեցին իրենց ուժերը սպորտային առաջնությունում, հանդիպեցին Մայր աթոռ Սբ. Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն, քահանա տեր Մարկոս Մանգասարյանի հետ, ում հետ զրուցեցին «Ընտանիքը և քրիստոնեությունը՝ որպես հայրենասիրության ինքնադրսևորում» թեմայի շուրջ, ինչպես նաև «Իմ խաչը» ֆիլմի ստեղծագործական կազմի հետ:

Օրերը համեմված էին հայրենասիրական ու հաղթանակի նոտաներով, հետևաբար անհնար էր պատկերացնել նաև ճամբարային ժամանցն՝ առանց հերոսների հետ հանդիպման: Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի և Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների հետ մեր ուսանողները քննարկեցին Արցախյան հիմնահարցը և նույն խնդրի շուրջ տարբեր ժամանակների գործողություններն ու դիրքորոշումը:

Ճամբարի ամենահետաքրքիր հատվածներից էր, թերևս, «Մեկ քայլ դեպի ավելի խելացի և զարգացած բուհ» խորագրով աշխատաժողովը, որի շրջանակում ջոկատներն առաջարկեցին գաղափարներ, ներկայացրեցին դրանց կառուցվածքն ու ընթացքը:

«Երիտասարդ ինժեներների ձմեռային ճամբար»-ի ամփոփիչ միջոցառմանը ներկա էին նաև համալսարանի ղեկավարությունը ի դեմս ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանի: Մինչև աշխատաժողովի և ճամբարի արդյունքներին անդրադառնալը՝ նա կոչ-առաջարկով դիմեց ուսանողներին. «Եկե’ք այս ճամբարային հավաքով տանք համալսարանի 100 ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը և այսուհետև յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր միջոցառման ժամանակ հպարտորեն շեշտենք, որ 100-ամյա համալսարանի ուսանող, դասախոս կամ աշխատակից ենք»:

Հպարտության զգացողությամբ արդեն իսկ համակված՝ ներկայացրեցին ինչպես ճամբարային օրերին լավագույն արդյունքներ ցուցաբերած ջոկատներին, այնպես էլ 2019թ-ի՝ համալսարանի «Ֆակուլտետի լավագույն ուսանող»-ին, «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ»-ին և «Լավագույն հասարակական ակտիվ ուսանող»-ին:

Այսպիսով, իր վաստակած միավորների քանակով, 3-րդ տեղը զբաղեցրեց Կարոտ Մկրտչյանի անվան ջոկատը, 2-րդ տեղը՝ Արաբոյի անվան ջոկատը և 1-ին, պատվավոր տեղը՝ Աղբյուր Սերոբի անվան ջոկատը:

Իսկ համալսարանի մրցանակաբաշխության ժամանակ հնչեցին հետևյալ հաղթողների անունները. «Ֆակուլտետի լավագույն ուսանող» անվանակարգում Ճարտարապետության ֆակուլտետից հաղթեց Հայկ Դհերյանը, Շինարարության ֆակուլտետից՝ Սամվել Սարգսյանը, Դիզայնի ֆակուլտետից՝ Մերի Թորգոմյանը, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետից՝ Խաչատուր Խաչատրյանը, Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետից՝ Սաթենիկ Հայրապետյանը:

«Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ» անվանակարգում հաղթանակը Դիզայն ֆակուլտետինն էր, իսկ «Լավագույն հասարակական ակտիվ ուսանող» տիտղոսը բաժին հասավ Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետից Սոնա Պետրոսյանին և Լուսինե Հովհաննիսյանին

1,607  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

30.01.20

1,608  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր