Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՌՈՔԵՄՓ 2020. ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՀԱՆՈՒՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում փետրվարի 17-ին մեկնարկել է «Հուշարձանների պահպանում և ամրակայում.  ՌՕՔԵՄՓ 2020» մշակութային ժառանգության փորձագետների ինտենսիվ վերապատրաստման դասընթացները: Պատմամշակութային հուշարձանների վերականգնման և պահպանման վերաբերյալ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու նպատակով կազմակերպված դասընթացներին, որոնք կշարունակվեն մինչև հունիս, մասնակցում են մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Բելգիայից, Վրաստանից, Եգիպտոսից:

Դասընթացներն իրականացվում են «ՌՕՔԵՄՓ մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման հայ-իտալական տարածաշրջանային կենտրոնի» և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային  համալսարանի համագործակցության շրջանակում՝ Բոլոնիայի համալսարանի կողմից:  

Վերապատրաստման ինտենսիվ դասընթացի մասնագետները ճարտարապետներ, հնագետներ, արվեստաբաններ, թանգարանագետներ, զբոսաշրջության բնագավառի փորձագետներ են, որոնց դասընթացների ընթացքում փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորություն է ընձեռվում:

Ինչպես նշում է ՃՇՀԱՀ-ի հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորատորիայի վարիչ ճարտարապետ Մարինա Բունիաթյանը, դասընթացը բազմաթիվ ասպարեզներ է ընդգրկում, և համալսարանը պետք է ընտրի ճարտարապետությանը վերաբերող  այն բոլոր հետաքրքիր առարկաները, որոնք հետագայում հնարավոր է ներառել ՃՇՀԱՀ-ի ուսումնական ծրագրերում՝ նպատակ ունենալով զարգացնել վերականգնող ճարտարապետի մասնագիտացումը։ 

Ներկայացնելով դասընթացների նպատակն ու կարևորությունը՝ Բոլոնիայի համալսարանի դասախոս, ճարտարապետ Ալեսիա Ձամպինին տեղեկացնում է, որ այն ներառում է տեսական և գործնական կրթական միջոցառումներ և բաղկացած է դասախոսություններից, անհատական ուսուցումից, լաբորատոր գործնական պարապմունքներից։ Իր առաքելությունը տեսական էքսկուրս կատարելն ու հուշարձանների պահպանության վերաբերյալ գիտելիքներ հաղորդելն է. «Մշակութային ժառանգության պահպանման գործում մեծ դերակատարություն ունի ոչ միայն պետությունը, այլև հասարակությունը: Իտալիայում որևէ հուշարձանի  վերականգնման վերաբերյալ որոշումներն ընդունում են մասնագետները, բայց մարդիկ ներգրավվում են այդ գործընթացներում, և նրանց իրազեկում են, թե որ քայլն ինչ նպատակով է արվում, և թե ինչ մոտեցում է անհրաժեշտ ցուցաբերել հուշարձաններին»:

Դասընթացի մասնակիցները պակաս ոգևորված չեն, որքան մասնագետները: Վրաստանից ժամանած մասնակից Սոֆիա Ջանաշվիլին և Բելգիայից ժամանած Յան Մոյեայերտը նշում են, որ, անկախ մասնագիտությունից, այս դասընթացը մշակութային նոր գիտելիքներ ձեռք բերելու, նոր բացահայտումներ անելու և մշակութային ժառանգության պահպանման գործում ներդրում ունենալու հրաշալի հնարավորություն է: Սոֆիան, օրինակ, իր համար բացահայտում է համարում Զվարթնոցն ու Երերույքի տաճարը, իսկ Յանը՝ Սաղմոսավանքը, որտեղ էլ պսակադրվել է իր հայուհի կնոջ հետ: 

Նշենք, որ «ՌՕՔԵՄՓ մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման հայ-իտալական տարածաշրջանային կենտրոնը» գործում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բոլոնիայի համալսարան՝ Ալմա մատեր ստուդիորումի միջև կնքված համաձայնագրի հիման վրա՝ Համագործակցության զարգացման իտալական գործակալության աջակցությամբ։ Կենտրոնը գործում է հինգ թեմատիկ ոլորտներում՝ կառավարում, վերապատրաստում, չափորոշիչների սահմանում, հաղորդակցության կազմակերպում, տարածաշրջանային մասնագիտական ցանցի ստեղծում:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են գիտական և կրթական բնույթի միջոցառումներ, մշակվելու են մասնագիտական ուղեցույցներ և այլն:

673  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

05.03.20

674  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր