ՃՇՀԱՀ նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը կազմակերպում է ոլորտային դասընթացներ ուսանողների գիտելիքների համալրման, ինչպես նաև գործող մասնագետների վերապատրաստման նպատակով: Դասընթացներն իրականացվում են համալսարանի փորձառու պրոֆեսորադասախոսական կազմի ու ոլորտի առաջատար մասնագետների կողմից համալսարանի համապատասխան ամբիոնների տեխնիկապես հագեցած լաբորատորիաներում ու լսարաններում: Դասընթացները հնարավորություն են տալիս ձեռք բերելու ոլորտային արդիական գիտելիքներ, հմտություններ, ինչպես նաև առավել արդյունավետորեն իրականացնելու մասնագիտական աշխատանքները։
Այս տարի դասընթացներն անցկացվել են ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում։ Դասընթացներին մասնակցում էին ոչ միայն մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլև ՃՇՀԱՀ ուսանողներ ու աշխատակիցներ (ընդհանուր՝ 27 մասնակից)։
Հաշվի առնելով ժամանակակից ծրագրակազմերի դերը մասնագիտական խնդիրների լուծման գործընթացում՝ ՃՇՀԱՀ շինարարության ֆակուլտետի ուսանողների առաջարկությամբ համալսարանում կազմակերպվեց «SAP2000» ծրագրակազմի ուսուցման դասընթացը, որին մասնակցեցին նաև մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քանի որ շարունակական կրթությունն ու մասնագիտական վերապատրաստումն արդի կյանքի անբաժանելի մասն են դարձել, ՃՇՀԱՀ-ը ստանձնել է հանձնառություն՝ զարգացնելու լրացուցիչ կրթական ծառայությունները և համալսարանում կուտակված գիտելիքն ու փորձը հասանելի դարձնելու նաև մասնագիտական լայն հանրությանը։
Համալսարանում պարբերաբար են կազմակերպվում վերապատրաստման դասընթացներ։ Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ ․․․․։