(010) 303-300

Մեր ուսանողները՝ զինվորի կողքին

Բանակը հասարակության մասնիկն է, զինվորը՝ յուրաքանչյուրի զավակը, եղբայրն ու ընկերը: Այս համոզմունքով՝ արդեն 9-րդ անգամ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհուրդը Արցախում էր: «Հայերի հաղթանակի ուղին» ծրագիրն արդեն ավանդույթ է դարձել՝ շնորհիվ ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանի,  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Ուսխորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանի ջանքերի:

Լեռնային Ղարաբաղում մեր ուսանողները եղան զորամասերում, հանդիպեցին զինվորներին, ծանոթացան նրանց առօրյա խնդիրներին, ձեռքբերումներին, ցուցաբերեցին իրենց աջակցությունը՝ կրկին փաստելով, որ հայ երիտասարդությունը զինվորի կողքին է:

Ծրագրի շրջանակներում ուսանողները հանդիպումներ ունեցան ԼՂՀ հերոս, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանի, ՊԲ ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժնի պետ, գնդապետ Բարեղամ Մուրադյանի և ԼՂՀ ՊԲ բարձրաստիճան սպայական անձնակազմի հետ։

Արցախյան այցը հագեցած էր նաև մշակութային իրադարձություններով: Հերթական անգամ ՃՇՀԱՀ-ի Ուսանողական խորհրդի թատերական խմբակն Արցախի մշակույթի պալատում հանդես եկավ Սամվել Խալաթյանի պիեսի հիման վրա բեմադրված «Հրադադար» ներկայացմամբ՝ նվիրված Արցախի անկախացման 25 և մեր բուհի հիմնադրման 95 ամյակին:
Ուսանողների արցախյան էքսկուրսն ամփոփվեց պատմամշակութային վայրեր այցելությամբ:

16.09.16