(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՊՀ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ 5-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԵՎ ԱՊՀ ԲԱԶԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 45-ՐԴ ՆԻՍՏԻՆ

ԱՊՀ ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի 30-ամյակի կապակցությամբ՝ ՃՇՀԱՀ աշխատակիցները Մոսկվայում դեկտեմբերի 8-ից 9-ը մասնակցել են ԱՊՀ ճանապարհաշինարարների 5-րդ համագումարին և  ԱՊՀ բազային կազմակերպության հասարակական խորհրդի 45-րդ նիստին: Միջոցառումներին մասնակցում էին ԱՊՀ երկրների տրանսպորտաճանապարհային ոլորտի ավելի քան 400 ներկայացուցիչ: Այդ թվում՝ ԱՊՀ երկրների Գործադիր կոմիտեի, ԱՊՀ-ի Տրանսպորտային ոլորտը համակարգող խորհրդի, Ճանապարհային տրանսպորտի և ճանապարհային ոլորտի աշխատողների արհմիությունների միջազգային ասոցիացիայի, Տրանսպորտի միջազգային ակադեմիայի, Տրանսպորտի նախարարությունների և ադմինիստրացիաների, ԱՊՀ-ում օտարերկրյա դեսպանությունների, Ճանապարհային ոլորտի աշխատողների միջկառավարական խորհրդի (ՃԱՄԽ) ասոցացված անդամ կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև փորձագետներ Սիրիայից, ԱՄՆ-ից, Սլովակիայից, Իրանից: Միջազգային գիտագործնական համաժողովի թեման «ԱՊՀ ավտոճանապարհների վիճակը, խնդիրները և զարգացման հեռանկարներ»-ն էր: Միջոցառման մասնակիցները քննարկել են կառավարման համակարգի կատարելագործման, ճանապարհային ոլորտը կարգավորող նորմատիվային բազաների, կադրերի պատրաստման և որակավորման բարձրացմանն ուղղված հարցերը, ինչպես նաև ճանապարհաշինության ոլորտում շինարարության, տեղական և միջազգային ավտոճանապարհների վերանորոգման և շահագորշման հարցում նորագույն տեխնոլոգիաների կիրառման խնդիրները:

 Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը և ռեկտորի խորհրդական Սուրեն Հովսեփյանը: Միջոցառման շրջանակում ներկաացրել են «Տրանսպորտային հանգույցների նախագծային լուծումների գնահատման մեթոդները» թեման՝ մանրամասնելով հետազոտության նպատակը, արդիականությունը և հիմնական խնդիրները:

Համագումարի ընթացքում քննարկվել են ԱՊՀ երկրների ազգային ավտոմոբիլային ցանցերի ներկա իրավիճակը, դրանց խնդիրները և զարգացման հեռանկարները, միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, մեքենաների և մեխանիզմների կիրառման, տրանսպորտային լոգիստիկ կենտրոններին վերաբերող հարցերը։  Քննարկվել են նաև Համագործակցության երկրների ճանապարհային ցանցերի արտադրական և գիտատեխնիկական ներուժի առավել արդյունավետ և լիարժեք օգտագործման պայմանները:

Հանդիպումների և քննարկումների արդյունքում Համագումարի պատվիրակների և կոնֆերանսի մասնակիցների կողմից ներկայացվել և ստորագրվել են ռեզոլյուցիաներ և մի շարք փաստաթղթեր՝ ուղղված Ճանապարհային ոլորտի աշխատողների Միջկառավարական Խորհրդի և ԱՊՀ բազային կազմակերպության հասարակական խորհրդի անդամների գործունեության բարելավմանը, ինչպես նաև ընդհանուր խնդիրների հաղթահարմանն ու ճանապարհային արդյունաբերության հրատապ խնդիրների լուծմանն ուղղված պետությունների ներսում տարվող աշխատանքների համակարգմանը։       

21.12.22