Սիրելի՛ համալսարանականներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Սկսվում է ձեր կյանքի ամենակարևոր փուլերից մեկը, որից կախված է ոչ միայն ձեր ապագան, այլև մեր երկրի բարեկեցությունը: Մաղթում եմ ձեզ նպատակասլացություն, ողջամտություն և բեղմնավոր ուսումնառություն:
ՃՇՀԱՀ սիրելի՛ առաջին կուրսեցիներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սովորելը ոչ միայն պատիվ է, այլև արժեք, որի կրողները լինելով՝ կդառնաք 100-ամյա պատմություն ունեցող համալսարանի մի մասնիկը: Դուք այն սերունդն եք, որ համավարակի ու պատերազմի դժվարին օրերին կարողացավ հաղթահարել իր առջև դրված խնդիրները՝ իրագործելով բուհ ընդունվելու մեծագույն երազանքը:
Մենք վստահ ենք, որ մեր համալսարանի անցած դարամյա ուղին, զարգացման տարբեր շրջաններն ու շարունակական ձեռքբերումները ստեղծել են այն ամուր հիմքը, որի վրա ամենայն պատասխանատվությամբ ու սրտացավությամբ կարող ենք ստեղծել ճարտարապետաշինարարական այս հզոր կրթօջախի նոր շրջանի պատմությունը: Բուհի ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, բոլոր ստորաբաժանումները պատրաստ են բնականոն աշխատանքի և ցանկացած խնդրի դեպքում աջակից լինելու ձեզ: Մեր նախաձեռնած բարեփոխումների շնորհիվ համալսարանի համար հոբելյանական 2021 թվականը, անկասկած, լինելու է հաջողության ու հպարտության ևս մի կարևոր հանգրվան:
Բարի երթ և բարի գալուստ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, հաջող ու արդյունավետ ուսումնառություն եմ մաղթում մեր բոլոր ուսանողներին: